Վերջին օրերին մեծ աղմուկ են բարձրացրել Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորների արտահայտած մտքերը։ Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն, անդրադառնալով ապրանքների գների բարձրացմանը, կարծիք էր հայտնել, թե աղքատն այսպես թե այնպես քիչ է ծախսում, իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանն էլ, պաշտպանելով այս «թեզը»՝ ասել էր․ «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է՝ գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել․․․»։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքական դիվանի պատասխանատու Արմեն Մկրտչյանն, անդրադառնալով ներքակաղաքական վերջին զարգացումներին, նշեց, որ թերևս լավագույն տարբերակը կլիներ արհամարհել այդ երկու պատգամավորներին, բայց հարցը հասարակական հնչեղություն է ստացել, ուստի պետք է մինչև վերջ պայքարել։

Картинки по запросу արմեն մկրտչյան

«Անգամ Հակոբ Հակոբյանի համերկրացիները՝ մարտունեցիները հայտարարություն արեցին՝ համաձայնելով, որ իրենց համաքաղաքացին լկտի պահվածք է դրսևորել։ Այս երկու պատգամավորներն իրենց ցինիզմով ուզում են ապացուցել, որ ինչ կատարվում է երկրում՝ օրինաչափ է և որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու դրա համար։ Երեկ մեր կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ պահանջելով խստագույնս պատժել երկու պատգամավորներին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այնպիսի տպավորություն է, ասես ցանկացած մեկը կարող է գլխին փչած հիմարությունը, ժողովրդն ուղղված բացասական և լկտի խոսքն արտահայտել հանրային կերպով և պատասխանատվության չենթարկվել։

Մկրտչյանը նկատեց՝ պատգամավորներին առավելություն տվող թուղթը մանդատն է, ուստի առաջին հերթին պետք է զրկվեն իրենց մանդատներից, և երկրորդ՝ իրենց խորհրդարան մտցրած քաղաքական ուժի կողմից ստանան հրապարակային նկատողություն։

Նրա խոսքով՝ եթե Հանրապետական կուսակցությունը չի կիսում այս պատգամավորների տեսակետները, ապա պետք է անհապաղ պատժի նրանց․ «Գիտենք, որ Հանրապետական կուսակցությունում որևէ պատգամավոր իրավունք չունի սեփական կարծիք արտահայտելու՝ առանց վերադասի հետ համաձայնեցնելու, և եթե սա այդ դեպքը չէ, ապա առաջին հերթին հենց իրենք պետք է պատժեն իրենց կոլեգաներին։ Բայց եթե իրենք հերթական անգամ ականջալուր չլինեն ժողովրդական պահանջին՝ համոզված եղեք, որ այս երկու պատգամավորները ևս կդասվեն այն քաղաքական գործիչների շարքին, ովքեր կերազեին չանել այս կամ այն քայլը, որպեսզի ժողովրդի կողմից հավերժ ատելության և անեծքի տակ չմնային»,- ասաց նա։

ՍԴՀԿ քաղաքական դիվանի պատասխանատուի կարծիքով՝ լրատվամիջոցները ևս պետք է աջակցեն հասարական դժգոհության ալիքին և սա չպետք է լինի այն դեպքերից, որ մեկ-երկու շաբաթ խոսեն՝ անցնի-գնա։ Պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել։ Իսկ իրենք՝ որպես քաղաքական ուժ, պատրաստվում են քայլեր ձեռնարկել՝ խնդրին առավել հնչեղություն տալու համար։

Սոնա Հարությունյան