Վիեննայում շարունակվում է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի առաջին օրը քննարկվել է ղարաբաղյան խնդիրը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել 2018 թվականի սկզբին:
 
Հակամարտության կարգավորման առավել գործուն մեխանիզմը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումն է, իսկ առարկայական առաջընթացը ենթադրում է երկարատև ժամանակահատված: Մինչդեռ երկու երկրների ներքին քաղաքական գործընթացներն առայժմ այդ հնարավորությունը չեն տալիս: Նախ՝ Հայաստանն անցումային փուլում է, երկիրը կիսանախագահականից անցում է կատարում խորհրդարանական համակարգի, 2018 թվականի ապրիլից հետո միայն պարզ կլինի, թե ով է լինելու բանակցային գործընթացի առաջամարտիկը (ՀՀ վարչապետը), ով և կկարողանա ստանձնել բանակցությունների վարման առանցքային պատասխանատվությունը: Իսկ Ադրբեջանում 2018 թվականի հոկտեմբերին են լինելու նախագահական ընտրություններ, այսինքն՝ մինչև այդ ժամկետի ավարտը բանակցային գործընթացում նշանակալի տեղաշարժ չի արձանագրվի, իսկ հնարավոր բանակցությունները կլինեն միայն խաղաղության պահպանման շեշտադրումներով:
 
Այդպիսով՝ կարող ենք շեշտել, որ այս պահին ստատուս-քվոն ձեռնտու է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանություններին: Իրականում ստատուս-քվոն ձեռնտու չէ հենց Արցախին, որովհետև այս իրավիճակը խոչընդոտում է Արցախի արագ զարգանալուն: Ստատուս-քվոյի փոփոխման մեջ ավելի շատ շահագրգռված են Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովուրդը; Ստատուս-քվոյի փոփոխման մի տարբերակ էլ միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումն է: Հակառակ դեպքում, եթե ստատուս-քվոն պետք է փոխվի բացասական ուղղությամբ, որը կուղեկցվի ուժի կիրառմամբ, ապա այդ դեպքում նախընտրելի է պահպանել այն, ինչ կա:
 
 
Ստելլա Խաչատրյան