«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանին հարցրեք՝ ինքը ցանկանո՞ւմ է դառնալ այն վարչապետը, որի մասին խոսում ենք, հայտարարում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ 2018 թվականի առաջին դեմք վարչապետի մասին խոսելով: ՀՀԿ փոխնախագահը, փաստորեն, հեգնում կամ պարզապես ծաղրում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալին: Ինչո՞ւ:
Ըստ այդմ՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունից ստացվում է, որ Կարեն Կարապետյանը կա՛մ խոսում է մի բանի մասին, որը չի պատկերացնում, կա՛մ էլ Կարեն Կարապետյանի հանդեպ ՀՀԿ փոխնախագահը վարվում է հայտնի անեկդոտի նման՝ սովա՞ծ եմ, թե՞ քունս ա տանում: Այսինքն՝ ստացվում է, որ Գալուստ Սահակյանն ասում է, թե Կարապետյանը չգիտի՝ ուզում է, թե ոչ: Դա եթե հեգնանք կամ ծաղր չէ, ապա ինչ է: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է գործող վարչապետին: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի վարչապետության եւ Կարեն Կարապետյանի չվարչապետության մասին ՀՀԿ-ականների հայտարարություններն ու խոսակցությունները լսում են բոլորը, ովքեր գործ ունեն վարչապետ Կարապետյանի հետ:
Այդ խոսակցություններից հետո կարո՞ղ է որեւէ մեկը լուրջ ընդունել վարչապետի՝ անկախ, թե ինչ անուն-ազգանուն է նա կրում, ով է եւ այլն:
Եթե արդեն այսօր, վարչապետի հրաժարականի դե յուրե պահանջից մոտ կես տարի առաջ իշխող գրեթե ամբողջ կուսակցությունը հայտարարում է, որ վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը, ո՞վ է լուրջ ընդունելու կես տարի անց հեռացող վարչապետին: ՀՀԿ-ն գործնականում այժմ է գրում նրա դիմումը, այսինքն՝ գործնականում ՀՀԿ-ն ասում է, որ արդեն այժմ վարչապետ չկա: Համենայնդեպս, հայտարարությունները Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հենց դա են նշանակում այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն ինքը չի ասել, որ իրականում ամեն ինչ բացարձակապես այդպես չէ, եւ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հարցը, մեղմ ասած, վճռված չէ: Ու քանի դեռ Սարգսյանը լռում է, նրա վարչապետության մասին, ՀՀԿ հայտարարությունները պարզապես ականներ են, որոնց վրա ամեն անգամ պայթում է Կարեն Կարապետյանը:
Հետաքրքիր է՝ ինչ իրավիճակում է նա, օրինակ, զգում իրեն, երբ հանդիպում է որեւէ ատասահմանյան պատվիրակության հետ՝ լինի դա դիվանագիտական պատվիրակություն կամ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, կամ միջազգային որեւէ ընկերություն, որոնց հետ քննարկվում են ներդրումային ծրագրեր: Այդ պատվիրակությունների հետ նա երկարաժամկետ հեռանկարում բանակցություն վարում է ի՞ր, թե՞ Սերժ Սարգսյանի անունից: Մյուս կողմից, սակայն, ըստ էության ինքնին հարց է՝ իսկ Կարապետյանը վարչապե՞տ է, թե՞ նա ինչպես նշանակվեց, այդպես էլ, ըստ էության, մնաց զուտ մենեջերական, այսպես ասած՝ գործակատարային կարգավիճակում:
Համենայնդեպս, առերեւույթ նա իսկապես մնաց հենց այդ կարգավիճակում՝ այդպես էլ չունենալով որեւէ քաղաքական ելույթ, հանրությանը չմատուցելով որեւէ քաղաքական տեքստ: Կարապետյանը այդպես էլ որեւէ կերպ չմտավ քաղաքական, ռեգիոնալ քաղաքականության, արտաքին քաղաքականության, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ որեւէ առարկայական քաղաքական հայտարարության պատասխանատվության տակ, այդպես էլ չհամարձակվեց կամ չցանկացավ արտահայտվել անվտանգության կոնցեպտների շուրջ, անել հայտարարություններ ներքաղաքական պատկերացումների, Հայաստանում քաղաքական համակարգի հեռանկարների վերաբերյալ, ազդակներ հղել քաղաքական ուժերին եւ քաղհասարակությանը, ունենալ ծրագրային ելույթներ՝ դրանց հետ չշփոթել կառավարության ծրագրի ներկայացման ելույթները, քանի որ ծրագրային ելույթ քաղաքական եզրը ենթադրում է շատ ավելի լայն եւ ընդգրկուն բովանդակություն: Ավելին՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի ներկայացումն իսկ զուրկ էր քաղաքականությունից, առավել եւս ի տարբերություն նախորդների՝ Տիգրան Սարգսյանի եւ նույնիսկ Հովիկ Աբրահամյանի: Նույնիսկ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է քաղաքականությամբ եւ ունենում է քաղաքական ելույթներ՝ Կարեն Կարապետյանի համեմատությամբ:
Ըստ այդմ՝ հարց է, թե իսկ մինչեւ այժմ Հայաստանը վարչապետ ունե՞ր, թե՞ ընդամենը ճգնաժամային կառավարիչ, մենեջեր կամ առավելագույնը՝ տեղապահ: Այսինքն՝ Հայաստանը ոչ միայն այլեւս վարչապետ չունի, այլ դե ֆակտո վարչապետ չունի արդեն մեկ տարի եւ ավելի: Համենայնդեպս, հակառակը պնդելու համար պետք է խոսեն երկուսից մեկը՝ կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Կարեն Կարապետյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում