Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չզլացավ Բաքվում ի լուր աշխարհի հայտարարել, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները չեն կատարվի: Այս դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատում էր իրավացիությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ դեկտեմբերի 16-ի հայտարարության, որում նշվում էր. «Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից՝ ոչ միայն մերժեց վավերացնել դրանք, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը: Անկարան չի խորշում ևս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք որևէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Բոլորին է հայտի, որ Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որևէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա։ Ստորագրումից հետո, վերստին նախապայմանների լեզվին վերադառնալով, Թուրքիան դեմ գնաց միջազգային հանրությանը, որն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը»:

Դեկտեմբերի 20-ին կրկին Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում նախապայմաններ է դնում Հայաստանի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն ասել է, թե թուրքական կողմն ի սկզբանե արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ քանի դեռ իրենց պայմանները չեն կատարվում, այդ պայմանավորվածությունների կատարումն անհնար է:

Պաշտոնական Անկարան, որն օրերս հայ-թուրքական արձանագրությունների ձախողումը փորձում էր բարդել հայկական կողմի վրա, բացահայտ սկսել է խոսել նախապայմանների լեզվով:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին, հիշեցրել էր, որ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել էր, որ մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: «Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»,- հայտարարել էր Նալբանդյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությանը: Թուրքիայի ԱԳՆ-ից նշել էին, թե արձանագրությունների չվավերացման մեղավորը ոչ թե իրենք են, այլ հայկական կողմը:

«Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, դրանց վավերացման համար կարևոր է Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտի և խաղաղության առկայությունը»,- նշել էին Թուրքիայի ԱԳՆ-ից՝ հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհիմն կերպով պայմանավորել են Լեոնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: