Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կրակոցներ են եղել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանութան Երևան քաղաքի վաչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Արաբկիր վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վ. Փափազյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արտուշ Հովհաննիսյանն է։
Պարզվել է նաև, որ ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում նրա և մի քաղաքացու միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ էլ այդ քաղաքացին իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել Ա. Հովհաննիսյանի ուղղությամբ։
Անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 50-ամյա Գաբրիել Հարությունյանն է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ կասկածյալ Գ. Հարությունյանին, ինչպես նաև օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։