«Հայրենական ապրանք արտադրողների համար այս տարին շատ դրական է եղել և այս տարվա 10 ամսվա կտրվածքով արտահանման ծավալների 10 տոկոսի ավելի աճ ունենք: Մենք կարծում ենք, որ այս թիվը տարվա վերջին կհատի 1 մլրդ 7 հարյուր 45 միլիոն դոլարի շեմը: Արտահանվող ապրանքների մեջ մեծ թիվ են կազմում սնունդն ու հանքահումքային արտադրանքը, որոնց արտահանման ծավալները տոկոսային քանակով ամենաշատն են»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Վերջինիս խոսքով, սակայն, ցավալի է, որ արտահանման ծավալների մեջ շատ փոքր տոկոս է կազմում մեքենաշինական արտադրանքը, որի պատճառներից մեկն էլ այն է, օրինակ, որ ՌԴ-ն այժմ արտադրում է այն հաստոցները, որոնք մեզանից գնում էր:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ երկրի տնտեսության ողնաշարը համարվող արդյունաբերության զարգացման նպատակով ի՞նչ պիլոտային քայլեր պետք է ձեռնարկի պետությունը՝ մասնավորապես՝ Կառավարությունը, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Պետական աջակցության տարբերակներից է այն, երբ պետությունը սուբսիդավորում է արդյունաբերական նպատակով վերցրած վարկերը, սակայն, առավել լայն կլիներ այդ աջակցությունը, եթե պետությունը սուբսիդավորի ավելի շատ՝ 5 տոկոսով, իսկ սահմանամերձ շրջաններում այդ սուբսիդիայի չափաբաժինը պետք է հասցնել 7 տոկոսի»:
Վազգեն Սաֆարյանն անդրադարձավ նաև Ամանորին ընդառաջ շուկայում նկատվող թանկացումներին և նկատեց, որ շուկայում մոնոպոլ դիրք գրավող ընկերությունները չհիմնավորված թանկացումների են դիմում՝ չնայած այն հանգամանքին, որ Կառավարության ղեկավարը հանձնարարել է գերշահույթներ չստանալ. «Օրինակ՝ անհասականլաի է՝ ինչպե՞ս է ստացվում, որ Կրասնոդարից ներկրված խոզի մսի կիլոգրամն արժե երկու հազար ինը հարյուր դրամ, իսկ տեղականի գինը երեք հազար հինգ հարյուր դրամից է սկսվում, ինչպե՞ս է ստացվում, որ տեղական արտադրանքը թանկ է ներկրվածից: Սա փաստում է, որ տեղական արտադրողը չհիմնավորված թանկացումների է դիմում: Ստեղծված իրավիճակում պետք է գերշահույթ ստացող ընկերություններին պարտադրել հավելյալ հարկեր վճարել, ինչից խուսափելով՝ նրանք չեն գնա սպեկուլյատիվ գնաճի»:
Վազգեն Սաֆարյանը նաև նկատեց, որ թանկացումների հերթական ալիքը նկատելի կդառնա հունվարից, երբ կթանկանան նաև բենզինն ու դիզվառելիքը, ինչը կբերի գուղատնտեսական մթերքների թանկացումների նոր ալիքի:
Աղավնի Սուքիասյան