Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված ծանր հանցագործությունների դեպքեր: Արդյունքում` մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ոստիկանության նախկին աշխատակցի:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Մեծամոր քաղաքի բնակիչ Վոլոդյա Աբրահամյանը, ով մինչև 2017 թվականի հուլիսի 14-ը ՀՀ ոստիկանության ծառայող է եղել, ընկերոջ` Լևոն Սմբատյանի հետ պլանավորել և կազմակերպել են բնակարանային գողություններ և զենքի գործադրմամբ ավազակային հարձակում` նախապես ընտրելով իրենց ծրագրած հանցավոր արարքների կատարողներին, այդ թվում` նախկինում դատապարտված անձանց: Վ. Աբրահամյանը, ոստիկանության համակարգում աշխատելիս առնչվելով Արմավիրի մարզի մի շարք բնակարանատերերի հետ, որոշակի տեղեկություններ է ունեցել վերջիններիս ունեցվածքի մասին և ըստ այդմ` ընկերոջ հետ նախապես ընտրել է ավազակային հարձակման և բնակարանային գողությունների համար առավել հարմար բնակարաններ: Այսպես, Վ. Աբրահամյանի և Լ. Սմբատյանի նախաձեռնած ավազակային հարձակումը վերջիններիս ցուցումներով և ղեկավարմամբ կատարել է նախկինում գողության համար դատապարտված Վռամ Շահինյանը, ով 29.06.2017թ.-ի գիշերն ապօրինի մուտք է գործել Արմավիր քաղաքի բնակչի բնակարան, այնուհետև զենքի գործադրմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ` պահանջելով ոսկեղեն և դրամ, սակայն տուժողի հրաժարվելուց հետո բնակարանից հափշտակել է 100.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Վ. Աբրահամյանը և Լ. Սմբատյանը 05.07.2017թ.-ին կազմակերպել և ղեկավարել են Արմավիրի մարզի ևս մեկ բնակարանից կատարված հափշտակությունը` հիշյալ հանցավոր արարքի կատարմանը ներգրավելով Վռամ Շահինյանին և իրենց մյուս ընկերոջը` Վոլոդյա Կիրակոսյանին: Վերջինիս օժանդակությամբ Վռամ Շահինյանը հիշյալ բնակարանից հափշտակել է խոշոր չափերով` 1.124.000 ՀՀ դրամի չափով գումար: Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև Վռամ Շահինյանի կողմից տարբեր բնակարաններից կատարված գույքի հափշտակության ևս երկու դեպքեր:

Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Լ. Սմբատյանն ու Վ. Աբրահամյանն իրենց ծրագրած մեկ այլ հափշտակության կատարմանը ներգրավվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ Հայկ Ավանեսյանին, Արտավազդ Ղազարյանին և Խաժակն Ոսկանյանին, ովքեր նախնական համաձայնությամբ` խմբով, 18.07.2018թ.-ին ապօրինի մուտք են գործել Մեծամոր քաղաքի բնակարաններից մեկը և փորձել այնտեղից հափշտակել կանացի զարդեր և այլ իրեր, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ի դեպ, հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության դեպք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել Արմավիր քաղաքի բնակիչ Ներսես Հակոբյանի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու վերաբերյալ: Ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով` 09.08.2017թ.-ին վերջինիս բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափերի` ընդհանուր առմամբ 469.5 գրամ հաշիշ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ն. Հակոբյանը մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասն ապօրինի իրացրել է վերը նշված հափշտակությունների կազմակերպիչներից մեկին` Լևոն Սմբատյանին: Դրանից բացի, հիմնավորվել է, որ վերջինս ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող 6 մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նրա ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

1. Վոլոդյա Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

2. Լևոն Սմբատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով,

3. Վռամ Շահինյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

4. Վոլոդյա Կիրակոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

5. Հայկ Ավանեսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

6. Արտավազդ Ղազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

7. Խաժակն Ոսկանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդածի 3-րդ մասի 1.1 կետով,

8. Ներսես Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ութ մեղադրյալներից յոթի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: