«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Երեւանի քաղաքապետարանն ահռելի միջոցներ է ծախսել ամանորյա լուսավորության վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն այս նպատակով դեկտեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Թիմսերվիս» ընկերության հետ: Ըստ այդմ, ամանորյա միջոցառումներին ընդառաջ` Երեւանի վարչական շրջանների կենտրոնական փողոցների 1200 ծառաբներ ձեւավորվել են 12 հազար հատ 10 մետրանոց լուսադիոդային լամպերով: Իսկ թվով 7 պուրակներում տեղադրվել են մետաղական շարժական կոնստրուկցիաներ, կամարներ եւ ձեւավորվել 10 հազար գմ լուսադիոդային լամպերով: Այս ամենի համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 24 մլն 500 հազար դրամ կամ մոտ 51 հազար դոլար: Ամանորյա ճոխությունները կարելի էր ընդունել, եթե լուրջ կասկածներ չլինեին առ այն, որ ծախսված գումարի մի մասն իրականում ատկատի ճանապարհով հայտնվել է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպաններում: Ի վերջո, իշխանություններն առանձնահատուկ թուլություն ունեն փողի նկատմամբ եւ փորձում են հնարավոր բոլոր մեթոդներով պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից գրպանել: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն Ամանորի նախաշեմին գնել է նաեւ մեկ հատ սառնարան` 420 հազար դրամ արժեքով: Թե ում համար է նախատեսված սառնարանը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում