Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ ևս մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ահարոն Ավետիսյանը և նույն հասցեի բնակիչ՝ 35-ամյա Ավետ Ավետիսյանը։
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Ավետիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեի՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. և Ա. Ավետիսյանների և Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ղազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նշված անձանց, իսկ հետո նրանց մոտից վերցրել է գումար և սպիտակ գույնի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ դանակահարված Ա. և Ա. Ավետիսյանները հարազատ եղբայրներ են։