Հայկական մամուլում տեւական ժամանակ է՝ հրապարակվում են տեղեկություններ այն մասին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառում է ունեցվածքը: Օրերս պաշտոնապես հաստատվեց, որ Սամվել Ալեքսանյանն, օրինակ, ձեռք է բերել Արտաշատում նրան պատկանող ֆաբրիկան կամ, ավելի շուտ՝ ֆաբրիկայի անմխիթար շենքը, ինչպես նկարագրվել էր մամուլում: Միեւնույն ժամանակ, տեղեկություններ էին հրապարակվել, որ Հովիկ Աբրահամյանը խաղատանը տանուլ է տվել խոշոր գումար՝ մոտ 20 միլիոն դոլար: Չի բացառվում, որ հենց դրա համար է նաեւ ունեցվածքի մի մասը վաճառվում:
 
Այն, որ Հովիկ Աբրահամյանը խորը ընկճախտի մեջ է, վկայում է նրա՝ հակառակն ապացուցելու բուռն ցանկությունը: Զրկված լինելով քաղաքական ռեսուրսներից, գործնականում չունենալով քաղաքական գնահատականներ հնչեցնելու և հայտարարություններ անելու ամբիոն՝ Աբրահամյանն այժմ ստիպված է հասարակական, հանրային ակտիվության իմիտիացիա ստեղծել: Այդ նպատակով նախկին վարչապետը կարող է, օրինակ, քավոր կանգնել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսի եղբոր հարսանիքին: Աբրահամյանի փորձն անշուշտ հուշում է, որ նման քայլը առնվազն հանրային լայն ռեզոնանս է ապահովելու, ինչն էլ նախկին վարչապետին օդի և ջրի պես է անհրաժեշտ: Օրեր անց Աբրահամյանին ֆոտոխցիկները «պատահաբար» կարող են ֆիքսել քաղաքի ռեստորաններից մեկում՝ արվեստի գործիչների հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում՝ հատուկ ընդգծելով այն ուրախ և ջերմ մթնոլորտը, որը տիրում էր հավաքվածների մոտ: Սրանով նախկին վարչապետը կարծես ցանկանում է մեկ անգամ ևս հիշեցնել իր մասին, ցույց տալ, որ կապը հանրության հետ չի կտրվել, հերքել իր՝ վատ վիճակում գտնվելու մասին տարածվող տեղեկությունները: Պաշտոնանկությունից հետո նախկին վարչապետն անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չէր ցանկանում նահանջել: Նա ամեն գնով փորձում էր իր ազդեցության տակ պահել գոնե Արտաշատը: Սակայն իրադարձություններն այնպես զարգացան, որ նա Արտաշատում թեկնածու չառաջադրեց, ասել է թե՝ խաղից դուրս եկավ, նահանջեց՝ գլխավոր «պոստը» թողնելով Գրիգորյաններին: Լինելով ինտրիգների մեծ սիրահար և կարիերիստ՝ Հովիկ Աբրահամյանն անշուշտ ծանր է տանում քաղաքական կյանքի լուսանցքում հայտնվելու փաստը:
 
Շատերը նախկին վարչապետի այս հանրային ակտիվությունը փորձեցին կապել Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում առկա տողատակերի հետ: Հարցազրույցում Սարգսյանը որեւէ բառ չի ասել Հովիկ Աբրահամյանի մասին, նրա ձեռնարկությունների մասին, սակայն հնչել է բավական ուշագրավ հարց նախկին պաշտոնյաների ճակատագրի մասին: Սերժ Սարգսյանն էլ տվեց պատասխան, որի տողատակը գործնականում հետեւյալն էր՝ նախկին պաշտոնյա՝ չի նշանակում անվերադարձ պաշտոնյա, եւ ամեն ինչ կախված է անհատական պարագայից: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նախագահի մեսիջը վերաբերվում է նրանց, ովքեր ռեժիմին կարող են ինչ-որ բան առաջարկել: Հովիկ Աբրահամյանը չունի այս ռեսուրսը և հնարավորությունները և ինքն է այժմ հայցողի դերում: Իրականում Սերժ Սարգսյանին հաջողվել է քաղաքական դաշտում այնպիսի դասավորություն մտցնել, որ Հովիկ Աբրահամյանի կապերն ու հնարավորություններն ընդհանրապես կուսակցությանը պետք չլինեն և Աբրահամյանն ընդհանրապես դուրս մնա իշխանության վերին շրջանակին նույնիսկ մոտ գտնվելու հնարավորությունից։ Նախկին վարչապետը չի կարող չգիտակցել, որ մի բան է ձիու վրա լինելը, մեկ այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»: Եվ այժմ Հովիկ Աբրահամյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ դեռ խաղի մեջ է, սակայն նրան այլ բան չի մնացել, քան ասմունքի երեկոներ կազմակերպել, կամ ֆեյսբուքում պաթոսախառն գրառումներ կատարել:
 
Ստելլա Խաչատրյան