ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները դեկտեմբերի 30-ին ուժեղացված ծառայությունից անցել են արտակարգ ռեժիմի ծառայության:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաքում ծառայության դուրս եկող անձնակազմերի ստուգատեսն ընդունել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության պետն առաջադրել է Երևանի կայազորի, ճանապարհային ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչության, հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի խնդիրները արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում:
Ուժեղացված ծառայության վերակարգերը տոների ողջ շրջանում ապահովելու են հասարակական կարգը մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, ժամանցի վայրերում: Խնդիրը քաղաքացիների անվտանգության պահպանումն ու հակաիրավական միջադեպերի բացառումն է, և ոստիկանությունն ակնկալում է համաքաղաքացիների աջակցությունն այդ կարևոր գործում:
Ստուգատեսի ավարտին Վլադիմիր Գասպարյանը ստուգել է անձնակազմերի պատրաստվածությունը, հանդերձավորումը, տեխնիկական հագեցումն ու տրանսպորտային միջոցները և կոնկրետ ցուցումներ տվել վերակարգերին:
«Ոստիկանությունն անելու է ամեն ինչ' հասարակության ու քաղաքացու ապահովության համար: Միասին պահպանենք տարեսկզբի տոնականությունը»- նշված է հաղորդագրության մեջ: