«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Գարեգին Գևորգյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն այն մասին, որ հունվարի 1-ին անհայտ անձը մուտք է գործել իրենց վարկային կազմակերպություն և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։
Գևորգյանը, սակայն, հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ նշելով, որ այս պահին որևէ նոր բա չի կարող հայտնել:
Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Վանաձոր քաղաքում առանձնապես խոշոր չափի ոսկյա իրերի գողության փաստով։ Ըստ հրապարակման՝ երեկ՝ հունվարի 1-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը պատուհանը բացելու միջոցով ներս է մտել նշված կազմակերպություն և հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։ Թալանված կազմակերպությունը գտվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 59/1 հասցեում, իսկ ահազանգող Հ. Մարտիրոսյանը «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչն է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված կազաերպությունը հսկվում էր «Պանտեռա Սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության կողմից։