Իրանական գազը Վրաստան հասցնելու վերաբերյալ խոսակցությունները գնալով ակտիվանում են, թեեւ վերջնական պայմանավորվածության մասին խոսք՝ առայժմ կարծես չկա։ Այդ քննարկումների առանցքում է հայտնվել նաեւ Հայաստանը, որտեղով նախատեսվում է իրականացնել իրանական գազի տարանցումը։ Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան հասցնելու վերաբերյալ բանակցությունները սկսվել էին անցած տարի։ Սակայն այդ առումով խոսակցություններն ակտիվացան հատկապես այս տարվա սկզբին։ Եթե վրացական կողմի հետ վերջնական պայմանավորվածությունները ձեռք բերվեն, սպա իրանական գազը Վրաստան կհասցվի մասնավոր հատվածի միջոցով, Հայաստանի տարածքով: Այս մասին ասել է Իրանի Նավթի փոխնախարար Համիդ-Ռեզա Արակին: Նախատեսվում է գործարկել մի սխեմա, երբ Իրանը պետք է «գազը հասցնի Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանա հայ-վրացական սահմանին»։

 Իհարկե, վրացական կողմն առայժմ խուսափում է հաստատել պայմանավորվածությունների փաստը՝ բավարարվելով միայն նրանով, որ բանակցություններն այդ առումով դեռեւս շարունակվում են։ Սակայն դրանք այս փուլում ընթանում են ոչ այնքան իրանական, որքան ռուսական կողմի հետ։ Միջուկային թնջուկի շուրջ ձեռք բերված համաձայնություններից հետո Իրանը մտադիր է ընդլայնել իր էներգետիկ շուկաները։ Ընդ որում՝ պատրաստվում է դա անել առաջին հերթին տարածաշրջանում։ Պատահական չէ, որ դեռեւս անցած տարվա վերջին՝ Իրանի նավթի նախարարը հայտարարեց, թե իր երկիրը հավակնում է դառնալ գազի տարածաշրջանային առանցքը՝ մատակարարումներ ապահովելով հարեւանների համար։ Որպես այդպիսին՝ առայժմ իրանական գազ ստանում է միայն Հայաստանը։ Եթե հաջողվի հասնել վերջնական համաձայնության, ապա երկրորդը կարող է դառնալ Վրաստանը։ Թեեւ թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում ծավալները մեծ չեն, եւ Վրաստանի հետ քննարկումների ընթացքում կարծես խոսք չկա այլ երկրներ՝ մասնավորապես, Եվրոպա գազ մատակարարելու մասին, այնուհանդերձ, այս գործարքը կարող է լավ հիմք լինել այդ ճանապարհին։
 
Իր հերթին՝ Վրաստանն էլ է ցանկանում դիվերսիֆիկացնել իր գազի ներկրման ոլորտը: Միաժամանակ, Վրաստանում մեծ թափով զարգանում են այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրները: Սա փաստում է այն մասին, որ Վրաստանը ձգտում է նոր որակի վրա դնել իր էներգետիկ անկախությունը: Սակայն գլխավորը դա չէ. նախագիծը կյանքի կոչելու դեպքում Ադրբեջանը կորցնում է մոնոպոլիան Վրաստանի գազային շուկայում, իսկ Թբիլիսին հնարավորություն է ստանում կոմերցիոն հիմքով խաղարկելու գնային «քարտը» Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի միջև, երկրորդ՝ Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու շանս է ստանում, որն ընդհանուր պլատֆորմ է ստեղծում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շահերի համար:Թբիլիսիի և Երևանի համեմատությամբ՝ Բաքուն առաջինը բախվեց նոր իրականությանը, որ ձևավորվում է Արաքսից հարավ: Իրանի բարձրացումը, Մերձավոր արևելքում Թուրքիայի ազդեցության կտրուկ նվազումը, Մոսկվայի ու Անկարայի վերադարձը աշխարհաքաղաքական ու ռազմավարական մրցակցության, Ադրբեջանի համար անսպասելի՝ ԱՄՆ էլիտայի պատրաստակամությունը՝ սահմանափակումներ մտցնել Բաքվի վարչակարգի որոշ ներկայացուցիչների նկատմամբ, «նավթային հեքիաթի» ավարտը՝ իշխանություններին ստիպում է նոր լուծումներ գտնել՝ երկու-երեք տարի առաջ ընկնելով: Այդ պատճառով՝ չի բացառվում, որ գազային կտրվածքով՝ Թբիլիսիի հետ պատերազմելուց Բաքվի հրաժարվելը և շրջափակումից Երևանի դուրս գալու փաստը լուռ ընդունելը, հայկական ուղղությամբ ադրբեջանական քաղաքականության մեջ փոփոխության սկիզբ է: Հակառակ դեպքում՝ Բաքուն պիտի խոստովանի, որ Անդրկովկասում իր քաղաքականությունը լիակատար ձախողվել է:
 
Այս իրավիճակում շատ բան նաև կախված է հենց Հայաստանից: Անշուշտ, այս նախագծի իրագործումը կմեծացնի մեր երկրի սուբյեկտայնության մակարդակը, լուծելով տնտեսական և անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ: Հայաստանը կարող է ձեռք բերել նաև էներգետիկ անկախություն, իսկ դա իր հերթին ենթադրում է պետության ինքնիշխանության ամրապնդում: Տարածաշրջանային առաջին գլոբալ նախգծին մասնակցելու հնարավորությունը մեզանից պահանջում է լրացուցիչ ջանքերի գործադրում թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ նաև գործնական դաշտում: Արդյո՞ք իշխանությունները կդրսևորեն անհրաժեշտ քաղաքական կամք: Մինչ այս պահը կարծես թե իրանական կողմի առաջարկը արժանանում է ամերիկյան կողմի 8 միլիարդանոց առաջարկի ճակատագրին՝ մատնվելով անուշադրության…
 
 
Ստելլա Խաչատրյան