Կոսովոյում սպանվել է սերբ հայտնի քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչը: Իվանովիչի սպանության տեղեկությունը Associated Press-ի հետ զրույցում հաստատել է նրա փաստաբան Նեբոյսա Վլաժիչը: Նրա խոսքով՝ բժիշկները Իվանովիչի մահն արձանագրել են այսօր՝ հունվարի 16-ին, տեղական ժամանակով 09:30-ին:

Սերբական լրատվամիջոցները հայտնել են, որ անհայտ անձինք Իվանովիչի վրա կրակել են նրա Քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի դիմաց:

 

64-ամյա Իվանովիչը հյուսիսային Կոսովոյում առանցքային քաղաքական գործիչներից մեկն էր: Կոսովոյի դատարանը Իվանովիչին մեղավոր էր ճանաչել 1998-1999 թվականների պատերազմի ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների մեջ: Այս դատավճիռը չեղյալ էր համարվել, եւ նախաձեռնվել էր կրկնակի դատաքննություն:

Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել է սերբ քաղաքական գործիչ, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Օլիվեր Իվանովիչի սպանությունը։

«Կոչ եմ անում իրավակարգի մարմիններին՝ հնարավորինս արագ հետաքննել նրա սպանության հանգամանքները, իսկ հանցագործությունը կատարած անձինք պետք է կանգնեն օրենքի առաջ»,- Թաչիի խոսքը մեջբերում է RTK ալիքը.