Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն այսօր թեժացրեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբացության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Վերջինս Կառավարությունից հետաքրքրվեց Հայաստանի մարզերում տիրող իրավիճակի մասին. «Խոշորացված համայնքները օգնություն չեն ստանում, տեղական բյուջեները շատ փոքր են, Կառավարությունը ակտիվ քաղաքականություն չի իրականացնում, աշխատատեղեր չի ստեղծում, որևէ գործիքակազմով պատրաստ չէ աջակցել գյուղացուն: Մարզերի և Երևանի անհամաչափ զարգացման պատճառով մենք մեծ գլխով և հյուծված մարմնով պետություն ենք կառուցում»,-ասաց Բագրատյանը:

 

Պատգամավորի տեսակետների հետ չհամաձայնեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ աշխատանք մարզերում տարվել և տարվում է, և այլ բան է, որ դրանք ոմանք չեն տեսնում:

Բագրատյանն ի պատասխան նշեց, որ նախարարները, գյուղերում շրջելու փոխարեն՝ ընդամենը աշխատում են կաբինետում նստած, ինչ հետևանքով  էլ ստեղծվել է նման իրավիճակ: Պատգամավորը  Կառավարությանը մեղադրեց բոլոր խնդիրների լուծումը հետագային թողնելու քաղաքականության մեջ:

Դավիթ Լոքյանն, ի պատասխան Բագրատյանի դիտարկումների՝ պահանջեց հարց ձևակերպել, ինչին ի պատասխան՝ պատգամավորը նշեց.  «Կառավարության միակ պրոբլեմը, փաստորեն, այն է, որ ես հա՞րց ձևակերպեմ, իմ ամեն մի ասածը մի հարց է: Դուք պատասխանատու եք գյուղացու կողքին չլինելու համար»:

Բագրատյանի մեղադրանքներին ի պատասխան՝ Լոքյանը խորհուրդ տվեց իրեն գյուղացու կողքին չինելու մեջ չմեղադրել. «Ինչ մնում է հարցին, որ նախարարները կաբինետներում են, գոնե այդ հարցում ինձ չեք կարող ասել»: