ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում' քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում, Մեղրու լեռնանցքում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: