Թուրքիայի մեջլիսի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ տարիներ անց անգամ Դինքը չի մոռացվել և չի մոռացվելու: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ

«Նրա հանցանքը մեծ էր, ջանքեր էր գործադրում հասարակության լայն շրջանակներին տեսանելի դարձնել անցյալում ու մեր օրերում Անատոլիայի հայերի վերապրածները: Այնքան մեծ էր նրա գործած «հանցանքը», որ սկզբում թիրախավորվեց: Նրա դեմ հրապարակումներ արվեցին, դատական գործեր հարուցվեցին: Ի վերջո 17 տարեկան մի երեխայի ձեռքը զենք դրեցին և սպանեցին հենց «Ակոս»-ի դիմաց, ուր Դինքը երեխայի նման մեծացրել էր:

 

Սպանությունից 11 տարի անցավ: Մինչ օրս հայտնի չէ, թե ովքեր են մինչև ամենափոքր դետալը ծրագրված հանցագործության հետևում կանգնած: Արդարությունը կրկին իր տեղը չգտավ:

Որպես իրավաբաններ, իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում այն, որ մինչ օրս մեղավորները հայտնաբերված չեն:

Որքան էլ որ քաղաքական իշխանությունները մատնանշեն այլ կողմ, այս հանցագործության քաղաքական պատասխանատվությունից չեն կարող փախչել: Իշխանությունները սպանության մեղավորներին հայտնաբերելու փոխարեն ստեղծել են քաղաքական կոնյունկտուրա՝ նման նրան, որը Հրանտ Դինքին տարավ մահվան: Ատելության խոսքը շարունակում է  թափ հավաքել, խտրականությունը հասարակությունում շատ է ինչպես երբևէ:

Այս ատելության մթնոլորտը հնարավոր է հաղթահարել միայն ժողովրդավարական հանրության միավորման միջոցով:

Չենք մոռացել, չենք մոռանալու...»: