ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:
«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկեց առանձնացնել ամենակենսական 20-25 ապրանք ու ծառայություն և այդ շրջանակում դիտարկել գների դինամիկան. «Ուսումնասիրվում է 450-470 ապրանքատեսակների գնային դինամիկան: Ավելի ճիշտ չի՞ լինի մենք 20-25 ապրանք և ծառայություն առանձնացնենք և նայենք դրանց գների դինամիկան: Ես փողկապ գնել եմ 20 տարի առաջ: Այսինքն՝ կան ապրանքներ, որոնք առաջին անհրաժեշտության չեն և չեն կազմում ընտանեկան զամբյուղի պարունակությունը»:
Նրա խոսքով՝ սնունդը մեր ընտանեկան բյուջեում կազմում է 60 %:
«Ես խնդրում եմ ասեք՝ հնարավոր չէ՞ 20-25 ապրանքատեսակն առանձնացնել և նայել գնային դինամիկան»,- հարց բարձրացրեց Պողոսյանը:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հարցին ի պատասխան ասաց՝ ԿԲ-ն այն մարմինը չէ, որը պետք է զբաղվի առանջին ապրանքների գների բարձրացմամբ, դրա համար կան պատկան մարմիններ. «Ի՞նչ է նշանակում գնաճ: Դա սպառողական ինդեքսների տարբերության մակարդակն է: Եթե մենք խոսում ենք այդ գնաճի մասին, ապա այն 2,6 % է: Ես նշեցի, որ մեր երկրի առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս զարգացող երկրների, մեզ մոտ սննդամթերքի կշիռը 41 % է: Ճիշտ է` կարող են լինել ուսումնասիրություններ, որոնք ցույց տան, որ ավել է, բայց տարբեր ուսումնասիրությունների հիման վրա է ստացվել այդ տոկոսը: Այնպես չէ, որ մեր երկրի տնտեսությունը կամ սպառումը կտրականապես տարբերվում է մնացած երկրների սպառումից»,- ասաց Ջավադյանը՝ ավելացնելով, որ ինքն ընդամենը համեմատականներ անցկացրեց և ընդգծեց, որ այդ մեթոդաբանության տերն իրենք չեն: