Կառավարությունը պատրաստվում է հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պարտավորեցնել ավելի հրապարակային գործել: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության հունվարի 25-ի նիստում կներկայացնի օրենսդրական նոր փաթեթը: Փոփոխություններ կկատարվեն «Ընդերքի մասին» օրենքում, «Հարկային օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել ընդերքն օգտագործողների ոլորտում առեւտրային գաղտնիք չհամարվող եւ հրապարակման ենթակա տեղեկությանը վերաբերող հարցերը: Սա այն հիմնական խնդիրներն են, որոնք ըստ Մանուկյանի օր առաջ լուծում են պահանջում՝ ոլորտում կարգ ու կանոն հաստատելու համար: Մինչդեռ կա մեկ այլ իրականություն, որի ձեռնտու է թե՛ կառավարությանը, թե՛ հանքաարդյունաբերողներին:
 
Բանն այն է, որ Հայաստանի Հարկային օրենսգիրքը նախատեսում է, որ հանքաարդյունաբերողները արտահանման դեպքում պետք է հետ ստանան իրենց վճարած ԱԱՀ-ն: Այսինքն՝ այսօր նրանք գնեցին դիզվառելիքը, այն օգտագործեցին, իսկ իրենց ապրանքը արտահանելուց հետո պետական բյուջեից հետ են ստանալու դիզվառելիքի մեջ մտած ԱԱՀ-ն: Ստացվում է, որ հանքաարդյունաբերողները հունվարի 1-ից դիզվառելիքը ձեռք են բերելու ավելի էժան գներով, քան հունվարի 1-ից առաջ: Դիզվառելիքը էժան է, քանի որ դրա գնի մեջ մտնող ակցիզային հարկը փոքրացել է, իսկ ԱԱՀ-ն նրանք հետ են ստանում: Իսկ ում են Հայաստանում պատկանում, պղնձի, մոլիբդենի, ոսկու և նույնիսկ քարի հանքավայրերը բոլորը գիտեն: Նրանց մեծ մասը իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք գուցե և ոգեշնչված չեն Մանուկյանի այս նախաձեռնությունից, սակայն հասկանում են, որ սա չարիքի փոքրագույնն է, հետևաբար գործադիրը ԱԺ-ում որևէ խնդիր չի ունենա, օրենքի նախագիծը կընդունվի: Թե ինչ կտա դա ոլորտի զարգացմանը՝ դժվար չէ կռահել: Կառավարությունը փաստաթղթերով գերթափանցիկություն է ապահովում գրեթե բոլոր ոլորտներում, ասել է թե՝ կարևորը թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ ձևակերպված լինի, իսկ իրականության հետ ձևակերպումների ընդհանրություն չունենալը կառավարությանը չի հուզում:
 
Դժվար չէր ենթադրել որ նախարարը ով մեկ տարի շարունակ այդպես էլ աչքի չընկավ աշխատասիրությամբ, չբռնեց երկրի ընդերքը շահագործողների և թալանողների ձեռքը, իր վերջին օրենսդրական նախաձեռնությամբ հեղափոխական փոփոխությունների չէր դիմի: Հանքաարդյունաբերողները կարող են հանգիստ շնչել.
 
Ստելլա Խաչատրյան