Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որը ներկայացրել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը:

Ըստ նախագծի, ներկայումս ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության ենթակա բազմաթիվ քաղաքացիներ բնակվում են Հայաստանից դուրս և ընդգրկվում են տվյալ երկրի հանրակրթական ու նմանատիպ կրթական ծրագրերում: Բացի այդ, քիչ չեն դեպքերը, երբ ՀՀ-ում մշտապես բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիները ընդգրկվում են օտարերկրյա հանրակրթական հաստատություններում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով, նման պարագայում բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում կրթություն ստացող, պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացու զորակոչային տարիքը լրանում է նախքան հանրակրթական ծրագրի ավարտը ու քաղաքացին ակամայից խուսափում է զորակոչից կրթությունն ավարտելու պատճառով:

 

«Տվյալ դեպքում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի կարգավորում վերը նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորելու ընթացքում տարկետման իրավունքը:

«Նախագծի ընդունման պարագայում կերաշխավորվի ՀՀ քաղաքացիների կրթություն ստանալու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն անկախ կրթական հաստատության գտնվելու վայրի, կնպաստի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նվազմանը, ինչպես նաև կկարգավորվի օտարերկրյա պետություններում հանրակրթական հաստատություններում սովորող պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների տարկետում ստանալու իրավունքը»,- ասաց Մկրտչյանը: