Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 27-ին Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին մի քանի առիթով՝ պարտքը հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ կատարելու և տուն վերադառնալու, ինչպես նաև այսօր նշվող՝ զորավար Սուրբ Սարգսի օրվա ու գալիք տոնի՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև կարևորել է նման հանդիպումներն ու ներկայացրել դրանց հիմնական նպատակը: