Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ հունվարի 29-ին, Արթուր Օսիկյանն ազատվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: Օսիկյանին արդեն փոխարինող է նշանակվել: 

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել էԱրդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

 

Նշենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանը ծնվել է 1961թ.: Վերջինս մի շարք պաշտոններ է զբաղեցրել։ Նաև ծառայել է Խորհրդային բանակում: 

1992-1993 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ բաժնի պետ:

1993-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ գծով պետի տեղակալ:

1994-1996 թթ. եղել է ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

1996-2000 թթ. աշխատել է որպես  ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ, իսկ 2000-2001 թթ.՝  ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:

2001-2005 թթ. եղել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ 2005-2009 թթ.՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ:

2009 թ. նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ:

2011 թվականի սեպտեմբերի 3-ին Ռաֆայել Հովհաննիսյանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «արդարադատության գեներալ-մայոր» կոչում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի:

Նշենք, որ մամուլը բազմիցս անդրադարձել է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և Արթուր  Օսիկյանի միջև լարված հարաբերություններին, ուստի չի բացառվում, որ այս հրաժարականը կարելի է դիտարկել նաև այդ համատքեստում։

Հիշեցնենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների, բավականին լարված էին նաև ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի և նրա տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հարաբերությունները։ Ի դեպ՝ Հովհաննիսյանը համարվում է Դավիթ Հարությունյանի նախընտրելի կադրը։