Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ հասարակության կյանքում կարևոր նշանակություն ունեցող շատ երևույթներ դուրս են մնում իշխանությունների ուշադրությունից: Դրանցից մեկն էլ Աշխատանքային օրենսգիրքն է, որը մինչ օրս ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն դրանում այդպես էլ անուշադրության մատնված է մնացել  հաշմանդամություն ունեցող և զոհված ազատամարտիկների աշխատանքային իրավունքները պաշտպանելու մասին ցանկացած դրույթ:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը՝ հիշեցնելով որ  իրենց առաջարկը՝ աշխատողների հաստիքների կրճատման դեպքում արտոնություն տալ զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին և հաշմանդամներին, մնում է ուժի մեջ:

 

Գևորգ Պետրոսյանը չհիմնավորված է համարում Կառավարության կողմից իրենց առաջարկած փոփոխությունները  չընդունելու, կամ հետաձգելու որոշումը՝ նշելով, որ իրենց առաջարկած գլոբալ փոփոխությունները չընդունելու որևէ պատեհ հիմնավորում չեն ներկայացրել.

«Զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ ուշադրության պակաս կա և այդ պակասը օր առաջ պետք է լրացնել»,-նշեց պատգամավորրը՝ հույս հայտնելով որ Կառավարության կողմից մինչև երկու ամիս նախագծի առկախումը արդարացված կլինի, եթե Կառավարությունն առաջարկի ավելի խելամիտ և տարողունակ փոփոխություն:

«Թայմ աութ են վերցրել. գնդակն իրենց դաշտում է դեռ սպասում ենք իրենց առաջարկներին»,-ասաց Պետրոսյանը:

ԼՈւՐԵՐ.com-ը պատգամավորից հետաքրքվեց՝ ինչո՞վ է զբաղված երկրի գլխավոր օրենսդիր մարմինը, եթե ընդունված օրենքների 90 տոկոսը Ազգային ժողով է բերում Կառավարությունը:

Հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշեց. «Ցավոք սրտի, պրակտիկորեն չկա խորհրդարանական պետություն գաղափարը: Ազգային ժողովը շարունակում է մնալ կառավարության տպագրատունը, ինչը հակասում է Սահմանադրությանը. Հատկապես Հանրապետական խմբակցությանը կոչ եմ անում թույլ չտալ, որ կառավարությունն անցկացնի իր ցանկությունները»: