ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ա. Հ.-ն, խախտելով օրենսդրության պահանջները, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության` 2005թ.-ի աշնանային հերթական զորակոչից, որի կապակցությամբ 26.02.2006թ.-ին Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Ա. Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այնուհետև քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
 
11 տարի անց` 11.04.2017թ.-ին, հետախուզվող մեղադրյալը` Ա. Հ.-ն, ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ նույն օրը կասեցված գործով վարույթը վերսկսվել է և Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ, տեղեկանալով հետախուզման մեջ գտնվելու մասին, դեռևս 2006թ.-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է: Ընդ որում, Ա. Հ.-ն հայտնել է, որ Հրազդանի բաժնում գտնվելիս հարցաքննվել է նաև դատախազության քննիչի կողմից, ով իրեն բաց է թողել` տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում կկանչի, սակայն հետագա տարիների ընթացքում ինքը չի հրավիրվել ոչ ոստիկանություն, ոչ էլ վարույթն իրականացնող մարմին:
 
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2006թ.-ին, երբ Ա. Հ.-ն հայտնաբերվել է ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից, գրությամբ չի ներկայացվել այն ժամանակ քրեական գործի նախաքննությունը կատարող` դատախազության քննիչին: Հետախուզվողի հայտնաբերման հիմքով ոստիկանությունը հետախուզական գործի վարույթը կարճել է, մինչդեռ Ա. Հ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը մինչև 11.04.2017թ.-ը մնացել է կասեցված` հետախուզվողի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
 
ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի և Կոտայքի մարզի դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում 24.01.2018թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործին և ըստ քննչական ենթակայության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: