«Վալլեքս» խումբը, որը շահագործում է նաև Թեղուտի պղնձի հանքավայրը, տարածել է հայտարարություն, ըստ որի, ներկա փուլում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։
Հայտարարվել է, որ ընկերությունն իր 1200 աշխատակիցներին չի կարող ապահովել նախկին աշխատանքով, ուստի «Թեղուտի» հանքավայրի շուրջ 1200 աշխատողներ կրճատվում են։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ այս օրերին աշխատանքային հարաբերություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո լուծելու վերաբերյալ ծանուցումներ են ստանում ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները, որից հետո ընկերությունն անցնում է իր տարածքի և գույքի պահպանության առավել խստացված ռեժիմի:
Նախատեսվում է նաև տարածքի պահպանության գործառույթը վստահել Հայաստանի Հանրապետությունում մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա ունեցող մասնագիտացված կազմակերպության, որը դա կիրականացնի օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով:
ԼՈւՐԵՐ.com-ը ընկերությունից փորձեց ճշտել, թե ինչու է «Վալլեքս» խումբը Թեղուտի հանքի հետ կապված նման որոշում կայացրել հիմա, և արդյո՞ք այդ որոշումն ուղիղ կապ ունի դեռևս հունվարից ստեղծված իրավիճակի հետ, երբ հայտարարվեց, որ Թեղուտի պոչամբարի ամբարտակն ունի ճաքեր և թունավոր ջրերը լցվում են Շնող գետը։
Ընկերության լրատվական վարչությունից մեզ հայտնեցին, որ կպատասխանեն բացառապես մեր գրավոր հարցմանը՝ հրաժարվելով հեռախոսով որևէ մանրամասն հայտնել։
Բնապահպան Լևոն Գալստյանն, անդրադառնալով այս խնդիրն, նշեց, որ Թեղուտի հետ կատարվածի պատասխանատվությունը կրում են «Վալլեքս» խումբը ու առաջին հերթին՝ Կառավարությունը։
«Կառավարությունը պետք է ներկայացնի հաշվետվություն՝ արվե՞լ են արդյոք հետազոտություններ Թեղուտի շահագործման հետ կապված։ Չէ՞ որ Համաշխարհային բանկը արեց հրապարակում, ըստ որի, Թեղուտի հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնցից մեկն էլ պոչամբարի խնդիրներն են։ Եվ հիմա հարց է առաջանում՝ Կառավարությունն ի՞նչ է արել այդ ահազանգից հետո, ունի՞ արդյոք մասնագիտական հետազոտության արդյունքներ մատնանշված խնդիրների վերաբերյալ։ Այստեղ կա նաև մեկ ուշագրավ դիտարկում՝ իսկ ո՞ւմ փողերով են վերացնելու Թեղուտի խնդիրները»,-նշեց Գալստյանը։
Նշենք, որ 2018թ. հունվարի 12-ից դադարեցվել էին Թեղուտում հանքի շահագործումը և պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը, որի մասին «Վալլեքս»-ը պաշտոնական հայտարարություն տարածեց։
Հիշեցնենք նաև, որ «Վալլեքս» խումբը 25 տարով պայմանագիր է կնքել ՀՀ կառավարության հետ և ունի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու համար թույլտվություն: