Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017 թվականի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Նրանք անցյալ տարի պետական բյուջե են վճարել 807.4 միլիարդ դրամ հարկ, որը 12.7 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից: Ըստ այդմ՝ ՀՀ ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որի հարկային մուտքերը 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 39.72 միլիարդ դրամ, ինչը, սակայն, նախորդ տարվա համեմատ՝ պակաս է 6.28 տոկոսով: Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը խոշորների ցուցակի երկրորդ տեղում է՝ վճարած 34.75 միլիարդ դրամ հարկերով, ինչը շուրջ 54 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
 
Երրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 22.04 միլիարդ դրամ հարկային վճարումով, ինչը 27.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ էության, Սամվել Կարապետյանի գործերը նախորդ տարի շատ լավ են եղել Հայաստանում: Չորրորդ տեղում պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն է, որը 2017-ի հունվար-դեկտեմբերին պետբյուջե է վճարել 21.47 միլիարդ դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի չորրորդ տեղը:Հինգերորդ հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը 2017-ին վճարել է 18.67 միլիարդ դրամ հարկ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 104 տոկոսով: 7-րդ հորիզոնականում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ն է՝ 12.60 միլիարդ դրամ հարկային վճարումով. այս ընկերության մոտ մուտքերի նվազում է կատարվել՝ 8.65 տոկոսով: 8-րդ տեղում «Ֆլեշ»-ն է՝ 12.46 միլիարդ դրամ վճարումով՝ նախորդ տարվա 10 մլրդ 907 մլն դրամի փոխարեն:
 
Բարսեղ Բեգլարյանի գործերը նույնպես լավ են ընթանում՝ աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 14.2 տոկոս: Հավելյալ հարկերը նաև դիրքի բարելավում են բերել գործարարին. նա 10-րդ հորիզոնականից բարձրացել է 7-րդ տեղը: Կապի ոլորտում հների գործերը վատացել են, նորերինը՝ լավացել: Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը, որը ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 6 մլրդ դրամ հարկ և հայտնվել խոշորների ցուցակի (19-րդ հորիզոնականում: Ի տարբերություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Beeline-ի՝ Յուքումի հարկերը աճել են. 2017 թ. ընկերությունը, նախորդ տարվա համեմատ, 14,4%-ով ավելի հարկ է վճարել պետությանը և գերազանցում է 2016թ. ցուցանիշը: 1000 խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել նաև ինտերնետ մատակարարումներ կատարող «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱ» ընկերությունը: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այդ ընկերության բաժնետերերից է նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը:
 
Այդ ցանկից կարելի է նաև մի հետաքրքիր հանգամանք պարզել՝ որքան են Հայաստանում տարանջատված կամ, որ ավելի ճիշտ է՝ սերտաճած բիզնեսն ու քաղաքականությունը: Ամբողջ ցանկը հատ-հատ չներկայացնելով՝ ընդամենը նշենք, որ առաջին 100 խոշոր հարկատուների մեջ առնվազն երեսունը առնչվում են այս կամ այն պաշտոնյայի, քաղաքական գործչի կամ նախկին պաշտոնյայի անվանը: Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո մի քանի անգամ անդրադարձել է այդ հարցին, թե գործարարությունը պետք է տարանջատել պետական կառավարման համակարգից, բայց նույն այս ցանկն այսօր գալիս է ապացուցելու, որ Սարգսյանը կամ ձախողել է իր այդ հռչակած նպատակը, կամ՝ պարզապես աչք է փակել դրա վրա, և ինչպես տարիներ առաջ նորից ինքն էր ասել՝ թղթերով ամեն ինչ նորմալ է: Եվս մի հետաքրքիր հանգամանք՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ իր վճարած 24 մլրդ 469 մլն դրամ հարկերով: Նշենք, որ դա ո՛չ գովելի է, ո՛չ էլ զարմանալի, քանի որ այդ ընկերությունը մտնում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գրպանը: Նաև կարելի է տեսնել, որ բիզնեսի գերակշիռ հատվածը գրանցված է Երևանում՝ անգամ այն ընկերությունները, որոնք գործունեություն են իրականացնում մարզերում: Բայց դրանով հանդերձ՝ կարելի է այս ցանկից նաև եզրակացնել, որ կառավարության ու ընդհանրապես իշխանությունների հռչակած՝ տարածքային համաչափ զարգացումն այդպես էլ իրականություն չի դառնում:
 
Ստելլա Խաչատրյան