Փետրվարի 5-ին միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Բազումի համայնքապետարան է մտել մի տղամարդ և անհարգալից վերաբերմունք դրսևորել աշխատակիցների նկատմամբ: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը:
Համայնքապետը պատմեց, որ երեկ, համագյուղացի 68-ամյա Զալիկո Մարգարյանը, ալկոհոլի ազդեցության տակ մտել է համայնքապետարան և հայհոյել ինչպես իրեն, այնպես էլ մյուս աշխատակիցներին. «Նա համայնքապետարանին կից խաղասենյակում էր, սկսեց անհիմն վիճաբանել ինձ հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, այնուհետև սկսեց ավիրել սենյակը, կոտրել խաղասեղանին դրված իրերը, առարկաները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսպես խանգարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը:
Համայնքապետը նշեց, որ տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել և երբ դուրս են հրավիրել խաղասենյակից, բորբոքվել է. «Մենք լավ ենք ճանաչում իրեն, բոլորը գիտեն, որ խմող է. կնոջը, տղային, հարսին դուրս է հանել տնից, միայնակ է ապրում: Ասում է՝ լույս չունեմ, էստեղ պետք է քնեմ, ես էլ ասացի, որ դա քնելու սենյակ չէ, դա երիտասարդների համար նախատեսված խաղասենյակ է»,- ասաց Հարությունյանը:
Չկարողանալով կարգի հրավիրել համագյուղացուն, Սրբուհի Հարությունյանը դիմել է ոստիկանություն՝ նրան կարգի հրավիրելու համար:
Փաստի առթիվ Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։