Փետրվարի 6-ին տարածվեց տեղեկություն, որ Հայկական Վերածնունդ կուսակցության հիմնադրմանը մասնակցած ութ կուսակցություններից հինգը որոշել են դուրս գալ այդ կառույցից և այդ մասին տեղեկացրել են ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Իհարկե Բաղդասարյանի համար սա մեծագույն ողբերգություն չես համարի, քանի որ նրա քաղաքական ուժը արդեն երկար ժամանակ է ինչ հանգրվանել է «քաղաքական դիակների» շարքում: Բավական է միայն հիշել թե որ կուսակցություններն էին մտնում Հայկական Վերածննդի մեջ և պարզ կդառնա վերջինիս «ողբերգության» իրական աստիճանը:
«Հայկական վերածնունդ» կառույցի մեջ ընդգրկված են մի քանի «կուսակցություններ»: Կուսակցություն բառը վերցված է չակերտների մեջ, քանզի դրանք այդ բառով կոչելու համար հիվանդ երևակայություն պետք է ունենալ: Դրանք, հիմնականում, ունեն մեկ անդամ, ոչնչով չեն զբաղվում և ընդհանրապես անհայտ են հայ հասարակությանը: Օրինակ՝ բաղդասարյանական «Հայկանդուխտ», «Լիբերալ ժողովրդավարական», «Հայաստանի ագրարային» կուսակցություններ կան: Դրանց գոյությունը միայն թղթի վրա է: Իրականում դրանք չկան՝ չունեն անդամներ, գրասենյակ, գաղափարախոսություն: Ըստ դրանց ներկայացրած պաշտոնական հաշվետվության՝ դրանք ոչնչով չեն զբաղվում՝ չկա գումարային մնացորդ, գոյություն չունի անդամավճար, նվիրատվություններ և ընդհանրապես ոչինչ չկան: Այդ դեպքում անհասկանալի է դրանց գոյության փաստը: Հետևաբար անլուրջ է պնդել, թե այսօր Բաղդասարյանի քաղաքական հենարանը էականորեն թուլացավ:
Բաղդասարյանի համար նման սցենարը թերևս ձեռնտու էր, հաշվի առնելով այն փաստը, որ նրա ֆինանսական վիճակը ոչնչով չի զիջում նրա քաղաքական դերակատարությանը, այսինքն ՝զրոյական է: Կուսակցությունները ծախս են, ավելորդ «ուտող բերան», որից էլ Բաղդասարյանը ազատվում է: Մյուս կողմից դժվար թե ԱԽՔ նախկին քարտուղարը նոր ռեբրենդինգի գնա, ինչ խոսք, քաղաքական դաշտում վերդասավորումներ են տեղի ունենում, նոր ազատ «նիշաներ» կարող են ի հայտ գալ, սակայն Բաղդասարյանը քաջ գիտակցում է՝ իր համար դրանցից և ոչ մեկը քաղաքականություն վերադառնալու հարթակ չի դառնա:
Ստելլա Խաչատրյան