«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2,7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5,7% գնաճով: Սննդամթերքի գները նշված ժամանակահատվածում աճել են 5,1%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,5%–ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,2%–ով: Այս մասին «Փաստ»–ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից:
Արձանագրված 5,7% գնաճի վրա անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 10% և 34,3% թանկացումները: Բանջարեղենի շուկայում 2018–ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 2,1% գնանկում, իսկ 2017–ի դեկտեմբերի համեմատ` 34,3% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 26,2–38,6%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում:
Մրգի գնաճը 10% է կազմել: Մրգի շուկայում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում, իսկ մայրաքաղաքում գների մակարդակն աճել է 9,7%–ով:
2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բանջարեղենի և մրգի 25,11%, բենզինի, դիզելային վառելիքի և փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի՝ 11,2% գնաճ: Վերոնշյալները սպառողական գների ինդեքսի ցուցանիշի կառուցվածքում ունենալով համապատասխանաբար 8,58% և 3,65% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 2,54 տոկոսային կետով:
Մսամթերքի դեպքում հունվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցվել է 13,1%, իսկ 2017–ի դեկտեմբերի համեմատ՝ 2% գնաճ:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում հունվարին 2017–ի հունվարի համեմատ արձանագրվել է 25,9%, իսկ 2017–ի դեկտեմբերի համեմատ` 0,6% գնաճ: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0,3–1,2%–ով: Հիշեցնենք, որ մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակն աճել է 1%– ով:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում արձանագրվել է 7,1%, իսկ 2017–ի դեկտեմբերի համեմատ՝ 0,5% գնաճ: Ի դեպ, ըստ վիճակագրության, ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 0,3%–ով:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 0,1–2,8% գնաճ: Մայրաքաղաքում կաթնամթերքը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,5%–ով:
Ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի գները բարձրացել են: Այս ապրանքների դեպքում գնաճը 0,2% է կազմել: Իսկ հրուշակեղենի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: ԱՎԾ–ի տվյալներով՝ շաքարի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 8,1%–ով, իսկ նախորդ տարվա վերջին ամսվա համեմատ 0,4%–ով:
Դիտարկված 4 քաղաքներում հունվարին դեկտեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 1,2–0,3% գնանկում: Երևանում շաքարավազի գները նվազել են 0,6%–ով: Յուղերի և ճարպերի գները նախորդ տարվա համեմատ 13,5% են աճել, իսկ 2017–ի դեկտեմբերի համեմատ՝ 0,4%–ով նվազել:
Վերջինիս մեծապես նպաստել են կարագի՝ 1% և մարգարինի 0,8% գնանկումները: Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները նվազել են 0,2%–ով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում