Համանախագահների հայաստանյան այցից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, քանի որ սա համանախագահների հերթական տարածաշրջանային այցն է. «Բանակցությունները կշարունակվեն այն սուր կետերի շուրջ, որոնք, օրինակ, ըստ Լավրովի՝ մնում են չկարգավորված, և հակամարտող կողմերի դիրքրոշումներն այս հարցում խիստ հակադիր են»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով, որ այլևս հնարավոր չէ Արցախի հարցում բանակցությունները վարել նույն տեպմով: 

Քաղաքագետի խոսքով՝ Արցախի շուրջ բավականին իրավիճակը սրված է, այնպես որ՝ եթե Բաքվի համանախագահները Հայաստան չեն բերի հարցի լուծման նախնական համաձայնությունը, մենք կարող ենք ասել, որ նրանց այս այցն ապարդյուն է:

 

Հայաստանը ԼՂ հարցով չի կարող համաձայնության գալ ԵՄ հետ. Սերգեյ Շաքարյանց

Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ՝ Արցախյան հակամարտության կարգավորման հետ է կապվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շտապողականությունը, որով պայմանավորված էլ՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններն առաջ ընկան և մինչև 2025 թվականը Ալիևը կմնա իշխանության գլուխ. «Ադրբեջանի համար սպառնալիք է և՛ ղարաբաղյան հակամարտությունը, և՛ Իրանի կողմից իրենց հասցեին ուղղված սպառնալիքները, իսկ եթե սրան ավելացնում ենք նաև Եվրոպայի խորհրդում կոռուպցիոն սկանդալը, ապա պարզ է դառնում, թե ինչու է Ալիևը ցանկանում նորից նախագահ դառնալ. չէ՞ որ այդկերպ նա կարող է իր ձեռքում պահել խնդիրների լուծումը, քանի որ Ադրբեջանում կլանային պայքարը շատ խորն է, և այս առումով՝ նա վախենալու շատ բան ունի»:

Քաղաքագետը նշում է, որ Ալիևը միջազգային ասպարեզում չունի այնպիսի հեղինակություն, որը նրան հնարավորություն կտար երկար մնալ իր դիրքում. «Միջազգային ասպարեզում Ալիևն ունի նաև միայն Թուրքիայի աջակցությունը, և եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը Ալիևների կլանին, դժվար թե այսքան երկար տարիներ նրանք կարողանային երկարաձգել Արցախի հարցը»:

ԼՈւՐԵՐ.com-ը քաղաքագետից հետաքրքվեց՝ արդյոք Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ փետրվարի 7-ի տարածած հայտարարությունն, ըստ որի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահներն Արցախյան հարցով կզբաղվեն ընտրություններից հետո, չի փաստում, որ Ալիևը նորից նախագահ դառնալով, ընտրություններից հետ չի սրի իրավիճակը շփման գծում: Հարցին ի պատասխան՝ Շաքարյանցը նշեց. «Հայաստանն Արցախի հարցում իր դիրքորոշումը կոշտացրել է և հնարավոր է, որ նման փորձեր լինեն: Բայց եթե Մադրիդյան սկզբունքներից բացի այլ առաջարկ չկա, չեմ կարծում, որ որևէ գլոբալ փոփոխության ականատես լինենք»: