Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելող օրենքի նախագիծը:
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 34 պատգամավոր:
Նախագծով նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված է աջակողմյան երթևեկություն, ինչով պայմանավորված ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ մեքենաների երթևեկությանը համապատասխան: Լուսացույցները, ճանապարհային նշանները ևս տեղադրված են՝ հաշվի առնելով ձախ ղեկային համակարգ ունեցող մեքենայի վարորդի համար տեսանելի լինելու հանգամանքը:
Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ աջ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար, պարունակում են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր, քանի որ երթևեկության ընթացքում այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդները երթևեկության ընթացքում ունեն սահմանափակ տեսանելիություն:
Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելվում է ժամանակավորապես, քանի որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. որոշմամբ 2018 թ. հոկտեմբերից արգելվելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ աջ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը:
2018 թ. ապրիլի 1-ից ՀՀ-ում արգելվելու է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումը: