Լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ծավալուն հարցազրույցը Գերմանիայի միակ անկախ հրեական «JÜDISCHE RUNDSCHAU» պարբերականին, որում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարբեր գործընթացների առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումներին և ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի' 2017թ. Իսրայել կատարած պաշտոնական այցի արդյունքներին' ՀՀ դեսպանը նշել է, որ առկա է երկկողմ պատրաստակամություն առավել խորացնելու հարաբերությունները ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության և մշակույթի ոլորտներում: Հայաստանի և Իսրայելի միջև վերջին շրջանում բարձր մակարդակով շփումների ակտիվացման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:
Երկու երկրներում մեծ դեր է ունի հիշողության քաղաքականության մշակույթը' պայմանավորված երկու ժողովուրդների ցեղասպանություն վերապրելու պատմությամբ և հոծ սփյուռքի առկայությամբ: «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պետք է միասնաբար պայքարել: Ցեղասպանության կամ Շոահի սարսափի միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտքն է լինել այդ պայքարի առաջնամարտիկը' որպեսզի այլևս չկրկնվի այն ինչ եղել է»:
Անդրադառնալովլով հայ-իրանական հարաբերություններին դեսպան Սմբատյանը նշել է, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, որի կյանքի կոչման արդյունքում վերացվել են նաև հայ-իրանական հարաբերությունների առևտրատնտեսական ներուժի օգտագործման համար սահմանափակում հանդիսացող միջազգային պատժամիջոցները: Ավելին, երկու երկրներն արդեն իսկ մշակում և կյանքի են կոչում տարածաշրջանային նոր նախագծեր:
Հայաստան-Ռուսաստան ԵԱՏՄ անդամ լինելու և հայ-ռուսաստանյան հարաբերությունների վերաբերյալ թղթակցի հարցին ի պատասխան՝ դեսպան Սմբատյանը նշել է. «Իրավամբ, Հայաստանը և Ռուսաստանը նույն տնտեսական միության անդամ են: Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերներն է և Հայաստանի տենտեսությունում գլխավոր ներդրողներն է: Սակայն որպես ռազմավարական գործընկերներ' մեր երկկողմ օրակարգը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, որում մեծ է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը: Հայաստանը նաև բարձր է գնահատում Ռուսաստանի' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական ջանքերը' ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը»:
Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առնչությամբ դեսպան Սմբատյանն այն կարևորել է և նշել, որ լինելով ԵԱՏՄ անդամ' Հայաստանը կարող է դառնալ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն միմյանց կապող կամուրջը, և այդ մասին են խոսում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ու որպես օրինակ մատնանշում Հայաստանը:
Սիրիական ճգնաժամի համատեքստում դեսպանն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի Սիրիայի հասարակության բոլոր շերտերի միջև երկխոսության արդյունքում: Իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է նախևառաջ ուղղված լինեն Մերձավոր Արևելքի ազգային և կրոնական բազմազանության խճանկարին, որին մաս է կազմում նաև հայ ժողովուրդը, սպառնացող գործոնների վերացմանը:
Միգրացիոն հոսքերի հետ տարբեր հասարակություններում աճող վախի մթնոլորտին վերաբերող հարցի համատեքստում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ փախստականների հոսքը չէ, որ վտանգ է ներկայացնում, այլ մեր տարածաշրջանում ԴԱԵՇ-ի գործելաոճի խրախուսումը' մասնավորապես ազգային և կրոնական հողի վրա թիրախավորման և հրապարակային գլխատումների: Մեր արևելյան հարևան պետության բազմաթիվ քաղաքացիներ հարում են ԴԱԵՇ-ին, համալրում այս և այլ ահաբեկչական կազմավորումների շարքերը։ Ահաբեկիչների մի մասը սկսել են վերադառնալ, իրենց հետ բերելով ապակայունության պոտենցիալ: