Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ գնահատելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցը:
Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները չեն բացառել, որ 2018-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կարող է էլ ավելի սրվել:
Շավարշ Քոչարյանի խոսքով, հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների. «Ինչ վերաբերում է պատրաստ լինելուն, ապա ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս, թե ով է պատրաստ և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն:
«Համենայն դեպս, մի բան կարող եմ ասել, որ իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա չեն նկատել, փայլուն կերպով անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է»,-ասաց նա: