Այս օրերին Հայաստանում է գտնվում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը մի քանի անգամ ընդգծել է տնտեսական ոլորտում համագործակցության և ներդրումային միջավայրի բարելավման կարևորությունը:
 
Թերևս այս ընկալումը բացակայում էր  2002 թվականին, երբ ճապոնացիների հետ քննարկվում էր Նուբարաշենի աղբավայրի փոխարեն աղբի վերամշակման ժամանակակից գործարան կառուցելու նախագիծը: 2002 թ-ից սկսած քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիձու» ընկերության միջև բանակցություններ էին ընթանում աղբավայրի 52.3 հա տարածքում իրականացնել կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրման ծրագիր, Հայաստանը կունենար սեփական վերականգվող հումքից էլեկտրաէներգիա, չհաշված տարեկան 550 հազար ԱՄՆ դոլար եկամուտը և տեղադրված համակարգը կառուցումից հետո անհատույց Երևանի քաղաքապետարանին փոխանցելը: Ճապոնական կողմն էլ այդ կերպ Կիոտոյի արձանագրությամբ ստանձնած իր պարտավորությունները կիրականացներ՝ ուղղված մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար: Ըստ ՎՊ-ի՝ հիմնականում էկոնոմիկայի նախարարության պատճառով ճապոնական «Շիմիձու» ընկերությունը չի կարողացել իրագործել իր ծրագիրը, արդյունքում աղբավայրը գրեթե մնացել է նախկին վտանգավոր վիճակում: Վտանգավոր վիճակի «պտուղներն» էլ քաղում ենք մինչ օրս:
 
2005-ին նույն պատկերն էր: Մի շարք նախարարություններ համաձայնել էին հայ-ճապոնական ծրագրով սահմանված գործողությունների հետ: Ծրագիրն իրականացվում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակներում: Սակայն այս անգամ էլ էլեկտրաէներգիա ստանալուն դեմ էր դուրս եկել  էկոնոմիկայի նախարարությունը՝ հայտարարելով, թե էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում ճապոնացիները մենաշնորհ ձեռք կբերեն, ինչը ձեռնտու չի կարող լինել այլ ընկերությունների համար: Եթե էկոնոմիկայի նախարարությունում կգտնվի գեթ մեկ պաշտոնյա, ով կպնդի, որ մեր երկրում այսօր վերոնշյալ ոլորտը ազատականացված է և մենաշնորհ չկա՝ նա կամ ստում է, կամ ամբողջությամբ կտրված է իրականությունից: Ազատականացումը ենթադրում էր նոր, այդ թվում ինչու ոչ ճապոնական ընկերությունների մուտքը ոլորտ, սակայն դա իհարկե հայկական կողմը թույլ տալ չէր կարող: Այդ դեպքում կկոտրվեր ռուսական մենաշնորհը: Իսկ արդյունքում՝ Հայաստանը այսօր թերևս միակ երկիրն է աշխարհում, որ աղբի վերամշակման գործարանի փոխարեն աղբավայր է կառուցում, այն էլ վարկերով:
 
2002-ին և 2005-ին ճապոնացիներին մեղմ ասած քցել ենք: Իսկ բիզնեսը դա չի սիրում և չի ներում: Այս պարագայում ճապոնական կողմից ներդրումներ ակնկալելուց առաջ նախ պետք է ապացուցել, որ առնվազն բիզնես մտածողության հարցում որակական փոփոխություններ ենք ունեցել և դրանով փորձել շահել ներդրողների վստահությունը: Իսկ ճապոնական կողմի վստահության մակարդակի մասին խոսում է նաև այն, որ Հայաստան է ժամանում ԱԳՆ խորհրդարանական հարցերով տեղակալը: Որքան էլ, որ ինքներս մեզ սփոփենք ճապոնացիների համար նման մանրուքները անչափ կարևոր են և ինչ-որ տեղ նաև վերաբերմունք արտահայտելու միջոց են, ինչը ապացուցում է՝ ճապոնացի գործարարները դեռ աչքի տակ ունեն 2002, 2005 թվականների դառը փորձը:
 
Ստելլա Խաչատրյան