Սիրիայի քրդական ազգային զինված ուժերը հերքել են սիրիական բանակի Աֆրին մտնելու և իրենց աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկությունները:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային զինված ուժերի ներկայացուցիչ Նուրի Մահմուդն, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որոնց սիրիական բանակը կարող է մտնել Աֆրին և աջակցել սիրիայի քրդերին, նշել է, որ Սիրիայի իշխանությունների հետ նման պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել:

«Մենք Ասադի իշխանությանը կոչ ենք արել գալ և պաշտպանել Սիրիայի սահմաներն Աֆրինում, սակայն սիրիական զորքերի գալու վերաբերյալ դեռևս ոչ մի համաձայնություն կամ պայմանավորվածություն չի եղել»,-նշել է նա:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Թուրքիայի նախգագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր' փետրվարի 20-ին, հայտարարել է, որ առաջիկա օրերին թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է շրջափակման մեջ վերցնել Աֆրինի նույնանուն շրջկենտրոնը: