«Այս տարի լրանում է Սումգայիթյան ցեղասպանության 30 տարին, և ես հիշում եմ՝ ինչպես էր Ադրբեջանում հայության բառացի ջարդ տեղի ունենում, և դա՝ Խորհրդային Հայաստանի ողջ տարածքում: Երեք հայ կանանց էին ցանկանում տանել ողջակիզման, և սա միակ դաժան դեպքը չէր. ցավալի է, որ մենք մեր մասին ոչ մի բան չենք հիշում, թեև հայերիս նկատմամբ տարվող հետևողական ցեղասպանության նկատմամբ մեր բնազդը մեզ պետք է ուղեկցի միշտ, որովհետև Ադրբեջանն իր քաղաքականությունը չի փոխել Սումգայիթից այսքան տարի անց և ասվածի ապացույցը հայ սպայի կացնահարումն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամաանակ ասաց ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը՝ ընդգծելով, որ Սումգայիթյան ցեղասպանության վերաբերյալ թափահարվող 26 զոհի մասին խոսակցություններն ու շրջանառության մեջ դրվող նախագծերը հեռու են իրականությունիից, քանի որ անգամ ադրբեջանական դատախազության տվյալները վկայում են հարյուրավոր զոհերի մասին.«Թող բարի լինի հայկական իշխանությունը՝ Ռուսաստանից պահանջելու սպանվածների մասին իրական թվերը, քանի որ դա մեր ազգային ռազմավարության խնդիրն է»,-ասաց Ավագյանը:

Ավագյանի խոսքով՝ փախստականությունը քաղաքական երևույթ է, և մենք ունենք ցեղասպանից ազատագրված տարածքներ, որոնք, չգիտես մեր որ իշխանավորի ձեռքով՝ կոչվեցին «օկուպացված տարածքներ». «Ի հայտ եկավ Մադրիդյան փաստաթուղթ, որով արգելեցին հայերին վերաբնակեցնել այդ տարածքներում: Այն, ինչ կատարվեց՝ ոչ միայն Ալիևների մշակած քաղաքականությունն էր, այլ արտաքին ուժերի, որին ենթարկվում է մեր իշխանությունը, և դա սկսվեց 2003 թվականից: Եթե իշխանությունը քաղաքական կամք գտնի և բարձրաձայնի 660 հազար հայ փախստականի մասին, ապա ղարաբաղյան բանակցությունների ընթացքը կփոխվի միանշանակ»,-ասաց Ավագյանը՝ ընգծելով, որ Մադրիդյան փաթեթով՝ տարածքները դարձրին օկուպացված, իսկ Հայաստանին՝ ագրեսոր:

Ավագյանի խոսքով՝ փախստականների հարցի հրատապությունն ու կարևորությունն ընդգծվեց նաև վերջին շրջանում Ալիևի ակտիվությամբ, ով պատրաստակամություն հայտնեց նաև իրագործել Սումգայիթի կրկնությունը նաև երևանում: «Իսկ մեզ մոտ պետական մակարդակով այս հարցի կարևորությունը չի ընկալվում: Տեսեք՝ վաղն Ազգային ժողովում հրավիրվել է լսումներ՝ Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ, բայց դա ջարդ չէր, դա ցեղասպանություն էր»,-ասաց Ավագյանը և հավելեց, որ Ալիևի գրասենյակները հետևում են հայաստանյան մեդիադաշտին և հատկապես այս ամսվա մեջ շատ հանդիպող սումգայիթյան ցեղասպանության  մասին մեր հրապարակումներին: «Ալիևն էնտեղից ավելի ակտիվ է հետևում մեզ, քան Հայաստանի իշխանությունները»,-ասաց նա:

Քննարկման մասնակից՝ «Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայերի միավորում» ՀԿ-ի նախագահ Մարտին Իսրայելյանն էլ, խոսելով Հայաստանուևմ ապրող փախստականների խնդիրների մասին՝ նշեց, որ ինչպիսի խնդիրներ կային նախկինում, նույնպիսիներն էլ կան այսօր: Նրա խոսքով՝ չկա պետական և համակարգված մոտեցում փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը հանգեցրեց նրան, որ փախստականները սփռվեցին աշխարհով մեկ՝ հեռանալով Հայաստանից: