«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետի պաշտոնում տեսնում է այն անձին, ում թեկնածությունը կառաջադրի իշխող քաղաքական ուժը: Արթուր Բաղդասարյանն այս մասին ասաց ՕԵԿ 15-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում: «Որովհետև դա իմ և ձեր տեսնելով չէ»,- նշեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն, կարծես, պատրաստվում է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ, որպեսզի Հայաստանում ստվերային դերակատարում չլինի: Սերժ Սարգսյանին են առաջարկում, թող առաջարկեն: Եվ Սերժ Սարգսյանը, լինելով վարչապետ, իր իշխանության ծավալով պայմանավորված կկրի համարժեք իրավական և քաղաքական պատասխանատվություն իր գլխավորած քաղաքականության համար: Ես' որպես քաղաքական գործիչ, կողմ եմ բաց գործընթացներին, ոչ թե վարչապետ լինի, օրինակ, Սիմոն Սիմոնյանը, սակայն ղեկավարի Աշոտ Աշոտյանը: Սակայն դա իմ և ձեր որոշումը չէ, դա այն կուսակցության որոշումն է, որն այսօր լիարժեք այդ մանդատը ունի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով' շատ ավելի ճիշտ է, որ վարչապետի պաշտոնում լինի այն մարդը, ով փաստացի ղեկավարն է, այլ ոչ թե մեկը լինի վարչապետ, սակայն ղեկավարի մեկ ուրիշը:

Հայաստանում նոր Սահմանադրության դրույթները լիարժեք ուժի մեջ կմտնեն ՀՀ Նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի: Տեղի կունենան նոր նախագահի և վարչապետի ընտրություններ: Նախագահի պաշտոնում իշխող կոալիցիան առաջադրել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը (ընտրությունը մարտի 2-ին Ազգային ժողովում), իսկ վարչապետի թեկնածության մասին իշխող ուժը դեռևս իր որոշումը չի հայտնել: