Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը, երթուղային նոր ցանցին վերաբերող հերթական նիստում ասաց, որ ստեղծվել է ծրագրային հավելված, որը հնարավորություն կտա երթուղային նոր ցանցը փորձարկել վիրտուալ մակարդակում: «Ծրագրային հավելվածը սկզբում հասանելի կլինի միայն տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին: Լրամշակումից հետո նոր այն հանրային կդառնա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց քաղաքապետի տեղակալը:
Նրա խոսքով' հավելվածը թույլ կտա մանրամասնորեն ուսումնասիրել նոր ցանցի նախագծի ծածկույթը և տարբեր երթուղիների արդյունավետությունը:
Հասարակական տրանսպորտի բարեփոխումներից հետո վերանալու է գծատեր հասկացությունը: Գազելներին փոխարինելու են գալու մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներ։ Մոտ 4 անգամ կրճատվելու է ընդհանուր ցանցի երկարությունը: Ներկայումս գործող 115 երթուղու փոխարեն շահագործվելու է ընդամենը 42 երթուղի։ Օպտիմալացում կա նաև տրասնպորտային միջոցների քանակի հարցում՝ 2039 միավորից այն դառնալու է 939-ը։