Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը Նախագահը նախ նիստին մասնակցող բոլոր գործընկերների անունից շնորհավորել է Գագիկ Հարությունյանին՝ Ազգային ժողովում լայն համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարեմաղթել, որ դատական խորհրդի անդամ իր մյուս գործընկերների հետ միասին նա հաջողությամբ իրականացնի խորհրդի սահմանադրական գործառույթը, այն է՝ ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:
ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման է ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը, որի վերաբերյալ զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հանրապետության Նախագահը նիստի բացման խոսքում հակիրճ անդրադարձել է տարածաշրջանում ապահով ու համերաշխ ապագա կերտելու տեսլականով իր նախաձեռնությամբ սկիզբ դրված` առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին. Նախագահ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու ի հակառակ դրա՝ միջազգային հանրության առջև իր ստանձնած պարտավորությունների կենսագործման ուղղությամբ տարիներ շարունակ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայությունը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ և 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց: