Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է.

«Հարգելի պարոն վարչապետ, բարեկամ և ընկեր, ևս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում և վստահեցնում, որ շատ ուրախ ենք Ձեր այցի կապակցությամբ: Պետք է ֆիքսեմ, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր, ինչպես միշտ, մեր հանդիպումն անցել է շատ ջերմ և կոնստրուկտիվ մթոնոլորտում: Մենք քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային հարցեր: Խոսել ենք մեր համագործակցության հնարավոր ուղղությունների մասին. դա Մեղրու ազատ տնտեսական գոտին է, պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, շատ մանրամասն խոսել ենք զբոսաշրջության, առողջապահության մասին: Խոսել և պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկու բարեկամ երկրների երիտասարդների միջև շփումներն ինտենսիվացնենք: Քննարկել ենք և մեր վերաբերմունքը դրսևորել Վրաստանի իշխանություններին՝ պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականագնման հարցերի վերաբերյալ: Պետք է ֆիքսենք, որ բավականին լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից: Ուրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է: Նորից ողջունում եմ և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»: