Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբացության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ իրենք բավականին ճիշտ քայլ կատարեցին, երբ որոշեցին սատարել իշխանության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածությունը, և իրենց այս քայլով մեծ պատասխանատվություն փոխանցեցին նորընտիր նախագահին․ «Հաշվարկված ճիշտ քայլ արեցինք»,-նշեց ընդդիմադիր կուսակցության պատգամավորը և հավելեց, որ թեև հասարակության մեջ կա միտում հնարավորինս նվազեցնելու նորընտիր նախագահի սահմանադրական իրավունքները, սակայն, այնուամենայնիվ, Հանրապետության նախագահն ունի բացառիկ իրավասություն, որը ճիշտ կիրառելու դեպքում՝ կա լիարժեք հնարավորություն՝ ազդելու քաղաքական գործընթացների վրա։ 

 

«Այլևս մենք ունենք երկրի անկուսակցական նախագահ, և դա ավելի կօգնի, որ երկրում կարողանա ստեղծել հավասարակշռություն քաղաքական դաշտում. սա առավելություն է, և ոչ թե թերություն»,-ասաց Բագրատյանը։

Վերջինս ներկայացրեց նաև ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության նախագահի թեկնածուի հավակնորդ Արտակ Զեյնալյանին չսատարելու մասին իրենց որոշումը․ «Մենք հիմնավորեցինք մեր գործընկերներին,  որ որևէ բան չենք փոխելու այդ քայլով։ Նախագահը կընտրվեր 65 ձայնով և նրանք չէին տա նախագահին այն ազատությունը, որն ունի։ Մենք չէինք կարողանա պահանջել նորընտիր նախագահից անաչառություն, որովհետև կստացվեր, որ չունի որևէ աջակցություն ընդդիմության կողմից և, հետևաբար, կունենար պարտավորվածություն միայն իշխանության առաջ»,-խմբակցության հիմնավորումը ներկայացրեց պատգամավորը։ 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը չկիսեց տեսակետը, թե Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահն ընդամենը լինելու է վարչապետի որոշումները վավերացնող պաշտոնյա․ «Հանրապետության նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահի հետ համատեղ, կարողանալու է արգելակել ցանկացած ոչ հայանպաստ որոշում: Արմեն Սարգսյանը մի խնդիր պետք է լուծի՝ փառավոր էջ գրի հայոց պատմության մեջ, քանի որ յոթ տարի անց ամփոփելու է իր գործունեությունը»։ 

Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ նաև «Ծառուկյան» խմբակցություն-ՀՀԿ համագործակցության մասին կարծիքներին և նշեց, որ բոլոր քաղաքական ուժերին էլ կասկածում են իշխանության հետ համագործակցության համար, թեև չբացառեց, որ լինում են որոշակի պայմանավորվածություններ․ «Որոշակի պայմանավորվածություններ կարող են լինել, բայց ոչ այն աստիճանի, որ, օրինակ, հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանի նման ելույթ ունենալ։ Ցանկացած քաղաքական հարաբերություն կարելի է դիտել համագործակցություն լավ իմաստով և համագործակցություն՝ վատ իմաստով։ Կան նաև համազգային խնդիրներ, որոնք պահանջում են համախմբում»,-ընդգծեց պատգամավորը՝ շեշտելով, մեր ընդդիմությունը դեռևս չունի համապատասխան գործիքակազմ՝ արգելակելու իշխանության որոշումները, բայց շատ կարճ ժամանակահատվածում դրանք ձեռք կբերեն։ 

 

 «Մենք պետք է հասնենք այն վիճակին, որ ցանկացած իշխանություն իր ծոծրակին զգա ընդդիմության շունչը»,- նշեց նա։  

Աղավնի Սուքիասյան