Կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է 2018 թվականի պետական բյուջից գումար հատկացնելու որոշման նախագծին։
Հերթական անգամ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Կառավարության ղեկավարին կխնդրի պետական բյուջեից հատկացնել գումար, այս անգամ՝ 48 000 եվրոյին համարժեք դրամ՝ ՄԻԵԴ դիմած և դատը շահած 4 դիմումատուներից յուրաքանչյուրին 12000 եվրո վճարելու համար։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Հայաստանում տիրում է արդարադատության սով, չկա առհասարակ հավատ արդարադատության նկատմամբ, դրա համար էլ ականատես ենք լինում նման դեպքերի․ «Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանին ՄԻԵԴ-ը պարտավորեցնում է վճարել գումարներ՝ դատը շահած քաղաքացիներն։ Ցավալի է, որ դատավորի կայացրած անօրինական վճռի համար մենք՝ հարկատուներս ենք վճարել և վճարում մեր գրպանից, ցավալի է նաև այն, որ մեր դատական համակարգը նման անկատար վիճակում է»,-ասաց նա։
Կիվիրյանի խոսքով՝ թեև ՄԻԵԴ-ում հերթական պարտություններ չգրանցելու համար առաջարվում էր որպես լուծման եղանակ՝ փոխհատուցումը պետական բյուջեից վճարելու փոխարեն՝ գանձել անձամբ վճիռը կայացնող դատավորի գրպանից, սակայն քաղաքակիրթ աշխարհն այս հարցում գնում է առավել խորքային լուծումների․ «Մենք պետք է նման վճիռներ ունենալու պատճառները հասկանանք, մենք պետք է սկզբնաղբյուրը գտնենք։ Արդարադատության հարցը բարձրացվել է եվրոպական պառլամենտում։ Քննարկումներն իրականացվել են դատախազության մակարդակով։ Կոնկրետ՝ տրվում են հանձնարարականներ այն դատավորներին, որոնց կայացրած վճիռները ՄԻԵԴ-ն անօրինական է որակել։ Այսինքն, պետական մակարդակով իրականացնում են քայլեր, կոնկրետ ցուցումներ են տրվում պետական բոլոր մարմիններին։ Ստացվում է՝ ՄԻԵԴ-ում չպարտվելու հարցը դրված է նրանց օրակարգում, և պետությունն անում է հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցվեն անօրինական դատական ակտերը»,-ասաց իրավաբանը՝ նշելով, որ Հայաստանն ունի համապատասխան գործիքակազմ՝ արդարադատության ոլորտում մեր ունեցած այս լուրջ բացը լրացնելու և անօրինական դատական վճիռները նվազագույնի հասցնելու համար․ «ՄԻԵԴ-ում պարտված դիմումներ չունենալու հարցը օրակարգ բերելու համար մեր երկրում առկա միջոցները բավարար են»,-նշեց փաստաբանը։
Խոսելով նորընտիր Բարձրագույն խորհրդից իր սպասումների մասին՝ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ ԲԴԽ-ից մեծ սպասելիքներ չունի, քանի որ դրա բացակայությունը չէ պատճառը, որ մենք ՄԻԵԴ-ում ունենում ենք այսքան շատ պարտված դիմումներ․ «Իրադարձություններից առաջ չընկնելով, սակայն՝ պետք է ասեմ, որ թող նորընտիր անդամներն աշխատեն և կարողանան ապացուցել հասարակությանը, որ կարող են դրական փոփոխություններ բերել արդարադատության ոլորտում»,-խոսքը եզրափակեց փաստաբանը։
Աղավնի Սուքիասյան