Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Արա Վարդանյանն ահազանգեց, որ Lutik ապրանքատեսակի թթու վարունգի մեջ որդեր կան: Նշենք, որ սա մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, երբ այս ապրանքանիշին պատկանող թթու վարունգի մեջ որդեր են հայտնաբերվում: 

Օգտատիրոջ հրապարակած լուսանկարում թթու վարունգի մեջ սպիտակ որդերն ակնհայտ երևում են: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցումՍննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն ասաց, որ սա դիտարկում են որպես կրկնվող ահազանգ. «Սպառողին խնդրել ենք, որ այսօր նմուշը բերի, որպեսզի խմբաքանակը նույնականացնենք և ուսումնասիրություն իրականացնենք: Նմուշը կուսումնասիրենք, կփորձենք հասկանալ՝ ինչ է, ըստ այդմ՝ արդյունքները կհրապարակենք»,- ասաց Նվարդ Առաքելյանը:

Նշենք, որ քաղաքացին գրել էր, որ թթու վարունգը գնել է «Երևան Սիթի» սուպերմարկետից: 

Lutik ապրանքանիշի ներկրող «Մինի Բասկոնիա» ՍՊԸ տնօրեն Եղիազար Գաբուզյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշել է, որ քաղաքացիներից ահազանգ ստացել են և արդեն ապրանքը շուկայից հետ է կանչվել:

«Ենթադրեմ եմ՝ այս խմբաքանակի մեջ է խնդիրը առաջացել: Մենք 20 տարի որակյալ ապրանք ենք բերել, մի քանի տարաներում նման բան է լինում, և դառնում ենք անմեղ մեղավորներ: Սա ազդում է մեր իմիջի վրա, և մենք այդ ժամկետում արտադրված ապրանքաքանակը հետ ենք կանչել  շուկայից»,- ասել է տնօրենը:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ «Մինի Բասկոնիա» ընկերության կողմից ՀՀ ներկրվող Lutik ապրանքանիշը հայտնվում է տհաճ իրավիճակում: Ընդամենը հաշված օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, նմանատիպ հրապարակում էր արել նաև ֆեյսբուքյան օգտատեր Էլեն Գրիգորյանը, ով ևս պահածոյացված վարունգի միջից որդեր էր հայտնաբերել: Ըստ նրա՝ թթու վարունգը ժամկետի մեջ էր եղել: Այն գնել է «Կայզեր» սուպերմարկետից:

Նշենք նաև՝ դեռևս 2015թ. ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ Lutik-ի պահածոյացված եգիպտացորենի միջից որդ էր հայտնաբերել: