Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որպեսզի կանխի Նախիջևանի տարածքից թուրք–ադրբեջանական ցանկացած արկածախնդրություն․ «Նախիջևանում անցկացվող արդեն վեցերորդ թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատահականություն չեն: Եթե Ղարաբաղյան հարցում լինի ֆորսմաժորային իրավիճակ, չի բացառվում, որ թուրքական զինված ուժերը հարձակվեն Մեղրիի վրա և փորձեն այդ ուղղությունով անմիջական կապ ստեղծել Ադրբեջանի հետ: Մենք պետք է կանխավ դիմենք ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, քանի որ խոսքը հենց Հայաստանին սպառնացող վտանգի մասին է: Այս դեպքում միջամտելու բոլոր իրավունքերը կան»,–ասաց նա։
Վերջինս նշեց նաև, որ չի բացառվում, որ երբ խոսքը վերաբերվի Հայաստանի վրա հարձակվելուն, Թուրքիան և Ադրբեջանն անտեսեն միջազգային իրավունքի նորմերը և որևէ կերպ հնարավոր չլինի զսպել այդ երկու պետություններին․ «Հայաստանին սպառնացող վտանգի մասին պետք է բարձրաձայնել նաև միջազգային այլ ատյաններում, որպեսզի իրավիճակի բարդացման պայմաններում Հայաստանի ձայնը չլռեցվի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Պատկերացրեք, թե ինչ տեղի ունեցավ 2016-ին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Իրական ագրեսորը Ադրբեջանն էր, բայց աշխարհը պարիտետ դրեց, համարելով, որ երկուստեք մեղավոր էին: Եթե նոր ֆորս-մաժոր լինի, նրանք պրոպոգանդայի կդիմեն»,- տեսակետ հայտնեց Արամ Սարգսյանը։
Նա անդրադարձավ նաև Նախիջևանի շուրջ կատարվող գործողություններին՝ ընդգծելով, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, որի տարածքում ռազմական բազաներ են տեղակայված և տարածքը տնտեսական ազատ գոտի է հայտարարված․ «Զորավարժությունների ժամանակ այդ տարածքում թուրքական զորքի քանակն ավելի շատ է, քան ադրբեջանականի, ինչը պայմանագրի ակնհայտ խախտում է»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: