«Սասնա Ծռերի» անդամների նկատմամբ մեր պետության ղեկավարի կողմից իրականացվում  են անձնական բռնաճնշումներ, թեև նախապես Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այս դատավարության ընթացքում ողջ բեռը թողնում է դատարանի վրա և որևէ կերպ չի միջամտելու․ ««Սասնա Ծռերի» անդամների նկատմամբ, սակայն, կալանավայրում իրականացվել են անմարդկային բռնաճնշումներ, դաժան անմարդկային վերաբրմունքի են նրանք արժանացել և նման ճնշումների կիրառման որևէ դեպք չէր արձանագրվել նախկինում: Դատարանի սխալ և ոչ շրջահայաց մոտեցումների պատճառով «Սասնա Ծռերի» գործերը չեն ընթանում և տապալվում են։ Մենք՝ փաստաբաններս, կասկած չունենք, որ դատարանի կողմից փաստերն ամբողջությամբ չեն քննարկվել և, հետևաբար, մնացած բոլոր քննարկումները ժամանակի վատնում են բոլորի համար»,-այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

 

Խոսելով իշխանության գնահատականի մասին՝ Պապիկյանը հիշեցրեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հանդիպումը, որի ժամանակ նախագահը խոսեց վրեժխնդրության մասին․ «Անձնական վրեժխնդրություն թույլ չի տալու։ Երբ պետության ղեկավարի շուրթերից հնչում է նման մոտեցում, նշանակում է՝ այն կա և ասվածի ապացույցն իշխանության վարած քաղաքականությունն է»,-ասաց Պապիկյանը։

Անդրադառնալով Արդարադատության նախարար Դավիթ Հարությանի արձագանքին, որ «Սասնա Ծռերի» նկատմամբ քաղաքական որոշում չի կայացել, Պապիկյանը նշեց, որ այն, որ և՛ Արդարադատության նախարարությունը, և՛ Գլխավոր դատախազը, և՛ Հանարապետության նախագանը խոսել են այս գործի մասին, ինչ ի սկզբանե իրավունք չունեին, արդեն խոսում է Դավիթ Հարությունյանի ասածի հակառակի մասին․ «Եթե Դավիթ Հարությունյանը փաստեր, որ դա քաղաքական հետապնդում էր, ամենաքիչը՝ դիմում պետք է գրեր և հեռանար իր աշխատանքից»։ 

«Սասնա Ծռերի» անդամներին աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հակոբյանը նշեց, որ իշխանությունների կողմից բռնաճնշումներ կիրառվում են նաև Կարո Եղնուկյանի վրա․ «Կարո Եղնուկյանի կյանքը վտանգված է, և նա հայտնվել է անելանելի իրավիճակում։ Մինչ այս պահը չենք գտնում որևէ ելք, որ կանգնեցնեք հանցավոր գրոհը Եղնուկյանի վրա»-ասաց փաստաբանը և նշեց, որ նրա առողջական վիճակն այնքան է վատացել, որ չի կարողանում մասնակցել և ներկա գտնվել իր վերաբերյալ դատավարությանը։