Թուրքիայի իշխանություններն արգելել են հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

Ըստ թուրքական իշխանությունների՝ կինոփառատոնին հայ-իրանական ֆիլմի ցուցադրությունն արգելվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանության պահանջը։

 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ», «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան միջամտում են մշակութային երկխոսությանը, և նման քաղաքականությունը դարձել է այդ պետությունների պետական քաղաղաքականության բաղկացուցիչ մաս․ «Առաջին անգամ հայկական ֆիլմի ցուցադրությունն արգելվեց Բուլղարիայում, հիմա՝ Թուրքիայում։ Մենք դատապարտում ենք նման քաղաքականությունը և կոչ անում չխոչընդոտել պետությունների միջև մշակութային երկխոսությանը»,-ասաց  Հարություն Խաչատրյանը։ 

Վերջինս նաև նշեց, որ այս հարցում կարիք չկա խառնել քաղաքականությունն ու պահանջել, օրինակ, ՀՀ Արտաքին գործերի նախարարության որևէ արձագանք․ «Սա բացառապես կինոռեսժիսորներիս գործն է, ինչի հետ կապված էլ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը տարածել է հայտարարություն։ Նշեմ, որ մենք այս հայտարարությունն ուղարկել ենք նաև Թուրքիա և սպասում ենք, որ այն թարգմանվի և տպագրվի։

Ստորև ներկայացնում ենք «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության» տարածած հայտարարությունն ամբողջությամբ․

Ինչպես տեղեկացանք, Թուրքիայի իշխանություններն արգելել են հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որպես պատճառաբանություն ունենալով մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները, կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ:

Ցավում ենք, որ թուրքական իշխանությունները՝ դառնալով Արցախի հարցում Ադրբեջանի շարունակական անհեռանկար քաղաքականության անմիջական կրողը, անթույլատրելիորեն քաղաքականացնում են մշակութային շփումները, կոպտորեն միջամտում են միջազգային կինոփառատոնի գործերին, գրաքննության ու արվեստի ազատության սահմանափակման միջոցներ են կիրառում կինոաշխարհում:

 

Հիասթափեցնող է այն հանգամանքը, որ թե ադրբեջանական, թե նրա պատանդի կարգավիճակում հայտնված թուրքական իշխանությունները չեն գիտակցում, որ մշակութային փոխգործակցությունը, մշակութային երկխոսությունը հանդիսանում է այսօր աշխարհում իշխող արժեքային համակարգի բաղկացուցիչ մաս և այդ կարգի գործողություններով իրենց դուրս են դնում աշխարհի մշակութային քարտեզից:

Ադրբեջանը շարունակում է հետապնդել մի քաղաքականություն՝ խոչընդոտել ցանկացած երևույթ, որը որևէ կերպ առնչություն ունի Արցախի Հանրապետության հետ, չհասկանալով, որ այդ քաղաքականությունը դատապարտված է և չունի ապագա, իսկ Արցախի Հանրապետությունն ազատ է իր քաղաքականությունը՝ այդ թվում և մշակութային, իրացնելու գործում:

Հայաստանի կինոգործիչների և հասարակության համար անթույլատրելի է և անհասկանալի այս մոտեցումը, քանի որ հայաստանյան ամենատարբեր միջազգային կինոփառատոների շրջանակներում բազմիցս ցուցադրվել են թե թուրքական, թե ադրբեջանական ինչպես համատեղ, այնպես էլ զուտ տեղական արտադրության ֆիլմեր:

Հայաստանի իշխանությունները երբեք արգելք չեն հանդիսացել, չեն գրաքննել մշակութային համագործակցության ոլորտը, չեն կասեցրել մշակութային երկխոսության կայացումը, չեն սահմանափակել կինոաշխարհի իրավունքը՝ դիտել, ճանաչել, հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է կինոմշակույթի ասպարեզում:

Խստորեն դատապարտելով թուրքական իշխանությունների նման գործողությունները, կոչ ենք անում ձեռնպահ մնալ արվեստը՝ տվյալ պարագայում կինոն և միջազգային կինոփառատոնը քաղաքական անհեռանկար նպատակներին ծառայեցնելու գործին, հասարակությունը չպահել այլատյացության մթնոլորտում, որը կարող է լուրջ վտանգ հասցնել մշակութային հետագա համագործակցությանը:

Աղավնի Սուքիասյան