Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

«Մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ ժամանակակից, զարգացող երկրում քաղաքացիներն ունեն պարտավորություններ: Աշխարհում չկա երկիր, որտեղ աղբահանության համար փող չեն վճարում, չկա երկիր, որտեղ գույքահարկ, հողի հարկ չենք վճարում: Վերանայում եք ձեր բյուջեն, հստակ ձևակերպում եք, բոլոր բարձրացված հարցադրումներով անցնում եք և առանձին-առանձին լուծումներ մշակում: Սուբվենցիայի նոր կանոնը, որը ձևակերպել ենք և սկսել ենք՝ ֆոնդային բյուջետավորումը, մի պարզ սկզբունք ունի. սահմանամերձ գյուղերն առանձին բանաձև է, իսկ բոլոր համայնքների կողքը կանգնելու ենք, եթե ծանրաբեռնվածություն վերցնեն: Ծանրաբեռնվածություն վերցնելը, իհարկե, հարաբերական է. որպեսզի հասկանանք՝ իր ներուժի չափով ճի՞շտ ծանրաբեռնվածություն է վերցնում, թե՞ ոչ, այդ պոտենցիալը պետք է հստակ հաշվարկենք», - ասել է Կարեն Կարապետյանը: 

 

Աղբահանության ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1725 պայմանագիր, մարզում գրանցված է 2168 իրավաբանական անձ: Կանխատեսվում է, որ 2018 թ. աղբահանության վարձավճարներից հավաքագրվող գումարների աճը 2017 թ. նկատմամբ կավելանա 2.4 անգամ: Վարչապետը շեշտել է, որ աղբահանության սակագինը պետք է համապատասխանի միջին հանրապետական ցուցանիշներին՝ հանձնարարելով վերանայել պլանավորումը: Կառավարության ղեկավարը նաև կարևորել է աղբահանության պատշաճ կազմակերպումը և հատկապես Սևանա լճի հարակից տարածքի մաքրության ապահովումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային գրավչության հանգամանքը: «Չափազանց կարևոր է, որ քաղաքացին հասկանա, որ եթե վճարում է աղբահանության համար, ուրեմն իր կյանքում և կենցաղում բան է փոխվում: Մենք բոլոր մարզերում պայմանավորվել ենք և խնդիր ենք դրել, որ այն գյուղական համայնքները, որոնք տրանզիտային չեն, ծանր մեքենաներ չեն անցնում, մի քանի խնդիր պետք է կարգավորեն՝ պետք է բարեկարգվեն գյուղի ներքին ճանապարհները՝ ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, ծուռումուռ ցանկապատերը պետք է ուղղվեն, ներկվեն, պետք է ապահովվի կենտրոնական փողոցների լուսավորությունը և դրվեն աղբամաններ: Այդ քայլն անելու համար շատ գումարներ պետք չեն: Պետք է մտածել, թե ինչպես տեղի ռեսուրսն օգտագործել այդ ամենը հաջողելու գործում»: