ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Ազգային ժողովում։

Լրագրողների հետ զրույցում Զատուլինն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական պատմական տարածքներ լինելու հայտարարություններին։

 

Նրա խոսքով՝  այդ հայտարարությունը թուլացրեց Ադրբեջանի դիրքը միջազգային հարթակում և այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր ներքին լսարանին. «Ինչպե՞ս կարող է որևէ մեկը  լուրջ վերաբերվել այդ հայարարությանը»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինը լրագրողներին հիշեցրեց մի դեպք, երբ դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցում էր բանակցություններին, և իր «հին ընկերը», այն ժամանակվա արտաքին հարաբերությունների նախարար Արկադի Ղուկասյանը բանակցային պրոցեսի շրջանակներում Հռոմում էր:

Ղուկասյանը ճնշված տեսք է ընդունել, և երբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հարցրել է նրան, թե ի՞նչ է պատահել, Ա. Ղուկասյանը պատմել է, որ Հռոմում տեսել է, որ Հռոմեական կայսրության քարտեզների վրա գրված է՝ Մեծ Ադրբեջան, այն դեպքում, երբ հայկական կողմը տարիներ շարունակ այդ տարածքներն իր պատմական հայրենիքն է համարել․ «Հաջորդ օրը ադրբեջանական պատվիրակությունը գալիս է ջղայնացած վիճակում, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը գնացել-տեսել էր Հռոմի քարտեզները, որոնց վրա գրված է եղել ոչ թե մեծ Ադրբեջան, այլ՝ Մեծ Հայաստան»,-ասաց Զատուլինը՝ հորդորելով երբեք լուրջ չվերաբերվել Ալիևի հայտարարություններին։  

Ռուս պաշտոնյան խոսեց նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին և ընդգծեց, որ Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերոջը տրամադրել է պաշտպանության ամենաժամանակակից միջոցները:
 
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը որոշակի հետևություններ արել է Ապրիլյան պատերազմից հետո, Զատուլինը նշեց․ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենքի վաճառքին, ապա այդ պետության հետ Ռուսաստանի կնքած պայմանագրերը վերաբերում են ավելի հին մոդելի զինատեսակներին և այս առումով՝ Հայաստանը բոլորովին այլ հարթության վրա է գտնվում»,-ասաց Զատուլինը։