«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը կհրապարակի պայքարի ճանապարհային քարտեզը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կա երկու սցենար. առաջին՝ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ, և երկրորդ՝ իրենց հաջողվելու է կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը:

Հարցին՝ հանրահավաքներով ո՞ւր են առաջնորդում ժողովրդին, Փաշինյանը պատասխանեց. «Եթե, ենթադրենք, ժողովրդին ոչինչ չենք առաջարկում և ոչ մի տեղ չենք առաջնորդում, և Սերժ Սարգսյանը առանց որևէ խոչընդոտի դառնում  է վարչապետ, դա արդեն ժողովրդի պարտությունն է, մեր գործողության բացակայությունը ժողովրդին առաջնորդում է դեպի պարտություն, հետևաբար, մեր գործողությունը ստեղծում է հաղթանակի հնարավորություն»,- ասաց նա՝ավելացնելով, որ եթե քաղաքացիները օգտվեն այդ հնարավորությունից, ապա միանշանակ կհաղթեն:

 

Պայքարը ո՞ւմ դեմ է՝ անձի՞, թե՞ Հանրապետականի՝ հարցին ի պատասխան Փաշինյանը ասաց. «Հանրապետականը, բացի Սերժ Սարգսյանից, վարչապետի այլ թեկնածու չունի: Եթե ՀՀ քաղաքացիներին հաջողվի այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետի թեկնածու, ապա այդ նույն քաղաքացիները կկարողանան այնպես անել, որ ՀՀԿ-ն ընդհանրապես չունենա վարչապետի թեկնածու: Էդ դեպքում վարչապետի թեկնածու կլինի նա, ում կընտրի ժողովուրդը: Սերժ Սարգսյանը չպիտի լինի վարչապետ: Նրա կառավարման ժամանակ հայկական կողմն առաջին անգամ տարածքային կորուստներ ունեցավ, Հայաստանի ՀՆԱ-ն ոչ թե աճել է, այլ՝ նվազել, արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է: Նա վարչապետ պիտի չդառնա, նա է ասել, որ համարում է սխալ, որ որեւէ մեկը երկու անգամից ավելի պետության ղեկավարի պաշտոնում լինի»,- նշեց նա:

Անդրադառնալով «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ միավորվելուն և միասին պայքարը շարունակելուն, Փաշինյանը նշեց. «Նրանց կողմից հնչում են իրարամերժ գնահատականներ և չունեն հստակ տեսակետ: Կան գործիչներ, ովքեր ընդունում են համապարփակ ոչ բռնի պայքարի սկզբունքը, կան գործիչներ, ովքեր ընդունում են բռնության մերժումը որպես գործողություն, բայց չեն ընդունում բռնության մերժումը որպես հակագործողություն: Կան գործիչներ, ովքեր ընդհանրապես մերժում են ոչ բռնի պայքարի սկզբունքը: Ճակատի անունից միասնական տեսակետ չի հնչել, եթե լինի հստակ տեսակետ ուրևէ ուղղությամբ՝ մեր դիրքորոշումն էլ կհստակեցվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց համար կարմիր գիծ է ոչ բռնի պայքարի սկզբունքը:

Նա նշեց՝ պայքարի ընթացքում պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք շատ հստակ և աներկբա իրենց պայմանն ընդունում են, սակայն, ընդգծեց նաև, որ իրենց հիմնական բանակցությունը ՀՀ քաղաքացիների հետ է:

Նշենք, որ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է, որ դուրս է գալիս փողոցային պայքարի՝ թույլ չտալու համար Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները չեն միացել այդ պայքարին:

 

Տեսանյութը՝ 1in.am