Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններից առաջ նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց, որ Երևանն Ադրբեջանի պատմական հողն է, և պետք է այն վերադարձնել ադրբեջանցիներին:
Ալիևի այս հայտարարությունը, որն, անշուշտ, ուղղված էր ներքին լսարանին, անընդունելի զառանցանք որակեցին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ Մոսկվան։
Նպատակին չծառայող և ոչինչ չասող այս հայտարարությունից և ծիծաղելի դրության մեջ հայտնվելուց հետո, սակայն, Ադրբեջանի նախագահը որոշել է ընտրություններից առաջ իր պատկերացմամբ ևս մեկ ցնցող քայլի դիմել՝ այս անգամ գործին խառնելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Մարտի 31-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով: Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ հղում անելով «Թուրան» գործակալության տեղեկություններին, ադրբեջանական դատախազության հետաքննության թիրախում են հայտնվել Vallex Group-ի Base Metal, ACP և մի շարք այլ ընկերությունները, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձիք:
Նշենք, որ Ադրբեջանը Հայաստանում և Արցախում գործունեություն ծավալող ընկերությունների դեմ քրեական գործը հարուցել է երկու հոդվածներով` անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում:
Քրեական գործում մատնանշված «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունն, օրինակ, հիմնադրվել է 2002թ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընկերության հիմնադրման նախանշված նպատակն էր «Վալլեքս» խմբի ընկերությունների արտադրական հզորությունների համար կայուն հանքահումքային բազայի ստեղծումը:
Base Metaի Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում: Հեռավորությունը վարչական շրջկենտրոն Մարտակերտ քաղաքից ուղիղ գծով մոտ 4.5 կմ է (ճանապարհով մոտ 7 կմ): Մոտակա բնակավայրերն են Ծաղկաշեն, Կուսապատ, Ճանկաթաղ, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Ջրաբերդ, Վարդաձոր գյուղերը:
Թե այս տարածքներից որն է պատկանում Ադրբեջանին և հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները քանի կմ են ապօրինաբար հատել, ադրբեջանական կողմը դեռ պետք է կարողանա ապացուցել, իսկ ապացույցների բացակայության պարագայում ևս մեկ անգամ կդառնա ծիծաղի առարկա հայկական երկու հանրապետությունների և միջազգային հանրության առաջ։
Լուսանկարները՝ bm.vallexgroup.am կայքից:
Աղավնի Սուքիասյան